ՀՀ-Թուրքիա սահմանի ամբողջական բացումը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան | Region

ՀՀ-Թուրքիա սահմանի ամբողջական բացումը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան

Դեկտեմբեր 04,2025 21:35

Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Նման հայտարարություն է արել Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը․

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- նշել է նա՝ իր ելույթում:

Միրզոյանը նշել է նաև, թե Հայաստանը ողջունում է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը․ «Որպես անմիջական և գործնական արդյունք՝ հացահատիկի առաջին բեռներն արդեն Հայաստան են հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծային երթուղու միջոցով։ Իր հերթին Հայաստանը հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին»։

 

Նորություններ