Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում են
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները։ Մեր ընտրանու երկու անդամ՝ Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը՝ Հայաստանի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։
60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Հայ մարզիկը մենամարտը սկսել է ակտիվ և առաջին երկու ռաունդներում նկատելի առավելություն ստացել, իսկ երրորդ ռաունդում՝ գործելով թելադրողի դիրքից, մենամարտը հասցրել է հաղթական ավարտի։ Բազեյանն իր կարիերայում առաջին անգամ է դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև հավաքականի առաջատարներից Հովհաննես Բաչկովը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Բաչկովը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Վաուչուկից։
Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։
