Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ | Region

Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ

Դեկտեմբեր 12,2025 21:44

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե  ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզել են։ Հաղորդագրությունում նշված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի դիմաց խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Մ․Հ․-ին և իրականացրել դիտավորությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

Նորություններ