«Պարույր Սևակին քանդակել եմ որպես «Անլռելի Զանգակատուն», քանի որ իր գրականությունն այսօր իրոք անլռելի է։ Այդ քննադատություններում թշնամություն ու կեղտոտ նախանձ կա»․ Լևոն Թոքմանջյան | Region

«Պարույր Սևակին քանդակել եմ որպես «Անլռելի Զանգակատուն», քանի որ իր գրականությունն այսօր իրոք անլռելի է։ Այդ քննադատություններում թշնամություն ու կեղտոտ նախանձ կա»․ Լևոն Թոքմանջյան

Դեկտեմբեր 12,2025 23:30

Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի՝ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրված Պարույր Սևակի քանդակը իրարանցում է առաջացրել։ Սոցիալական ցանցերում շատերն իրենց կարծիքն են հայտնում քանդակի մասին, հիմնականում՝ քննադատելով։

Օրինակ գրող Արփի Ոսկանյանը սոցիալական ցանցում  հրապարակված քանդակի լուսանկարի տակ մեկնաբանություն է գրել․«Իսկ փորից դելֆին ա՞ դուրս գալիս, թե՞ շնաձուկ։ Ինչի՞ն ա, որ պարզ չի շոյում ա, թե մեղմորեն հետ ա մղում՝ ասելով՝ հլա դու սպասի», «Մի քիչ հավաքական կերպար ա ստացվել՝ մի պստիկ Արամ Խաչատրյան, մի ահագին Սիլվա Կապուտիկյան, մի քիչ էլ Սեւակ։ Էն սեւը ի՞նչ ա, գիրք ա՞», «Ըմբռնել ա Սեւակին ուղնուծուծով։ Ու լավ ա, որ դպրոցի բակում ա, մի քիչ կխանգարի երեխեքին Սեւակին սիրահարվել անմնացորդ։)»։

Ոմանք նույնիսկ պահանջում են քանդակն ապամոնտաժել, որոշ օգտատերեր պարզապես հեգնում են, մի մասը՝ զվարճալի մեկնաբանություններ գրում։ Ամեն դեպքում քանդակը միանշանակ չի ընդունվել։

Պարույր Սևակի այս արձանը քանդակագործի նվերն է դպրոցին, այն տեղադրվել է նրա սեփական միջոցներով:

«Իմ աշխատանքի վերաբերյալ քննադատություններում կա թշնամություն, կա կեղտոտ նախանձ: Մարդիկ նախանձում են, ոմանց հանգիստ չի տալիս այն, որ իմ տարիքում ես այսպիսի քանդակներ եմ անում»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանն՝ անդրադառնալով քանդակը քննադատող գրառումներին։

Թոքմաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր այս աշխատանքով ցանկացել է նորովի մեկնաբանել Սևակի կերպարը, ու իր աշխատանքի հանդեպ քննադատությունը անընդունելի է։

Վստահեցրեց՝  ժամանակի ընթացքում բոլորը կհասկանան, որ իր քանդակում ամեն ինչ ճիշտ է ներկայացված. «Արվեստագետը ազատ է մտածելու, և իր գաղափարները ներկայացնելու մեջ, և որևէ մեկը իրավունք չունի խախտելու իմ իրավունքները:  Ես երկու տարի աշխատել եմ այդ քանդակի վրա: Պարույր Սևակի մասին ես իմ սեփական պատկերացումներն ունեմ, և նրան  նորովի եմ մեկնաբանում: Ես քանդակում գաղափար եմ դրել, Սևակին քանդակել եմ որպես «Անլռելի Զանգակատուն», քանի որ իր գրականությունն այսօր իրոք անլռելի է: Եթե որևէ մեկը չի ընկալում իմ տված գաղափարը, ես դրանում մեղավոր չեմ»:

Նա պատմեց, որ քանդակը շատ դրական են ընդունել թե դպրոցի կոլեկտիվը, թե գրողի հարազատները,  հասարակության կարծիքը այս պարագայում համարեց  երկրորդական.«Այդ քննադատողներից ո՞ր մեկն է ինձ նման հասկանում քանդակից: Բացման ժամանակ էլ դպրոցի երեխաները շատ սիրով ընդունել են քանդակը: Սևակի թոռը ևս գրկաբաց է ընդունել աշխատանքը: Անգամ համացանցում էր գրել, որ վերջապես այս աշխատանքով Սևակի անվան դպրոցը նոր շունչ ու նոր որակ է ստանում»:

Լևոն Թոքմաջյանը հայտնեց, որ քննադատությունները միշտ են եղել, ու կլինեն, այստեղ կարևոր է, թե ինչպես կմեկնաբանվի աշխատանքը։

«1986 թվականին, երբ ես տեղադրեցի Մարտիրոս Սարյանի արձանը, կրկին քննադատությունների նման ալիք բարձրացավ: Իմ մասին ասում էին, թե ինչո՞ւ է Սարյանը ոտաբոբիկ, մի՞թե նա կոշիկ չի ունեցել: Սակայն ամբողջ գաղափարը նրանում էր, որ իմ այդ քանդակում նա իր ոտքը դրել էր մայրենի հողին, ու հողից էր սնունդ ստանում»:

Արվեստագետը նեղսրտած է, որ իրեն այդպես քննադատում են քանդակի համար․  «Սխալ մոտեցում է, այն էլ այնպիսի արվեստագետի նկատմամբ, ինչպիսին ես եմ: Ես ամբողջ աշխարհում քանդակներ եմ դրել, շուտով էլ Ամստերդամում է բացվելու իմ քանդակներից։ Ես ոչ մի տեղ վատ վերաբերմունքի չեմ արժանացել, միայն՝ Հայաստանում: Հիմա էլ Քըրք Քըրքորյանի արձանի վրա եմ աշխատում: Իմ գործերի նկատմամբ միշտ էլ հետաքրքրություն է եղել, և ես ինչ-որ տեղ ուրախանում եմ դրանից»,-ասաց Լևոն Թոքմաջյանը։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ