Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանը մասնակցեց պատարագին, որի ընթացքում զեղչվեց կաթողիկոսի անունը
Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց պատարագի, որի ժամանակ զեղչվեց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը:
Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Մաշտոց Ստեփանյանը չնայած ներկա էր պատարագին, սակայն պատարագը մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Պատարագին ներկա էին նաև Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, նաև՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում նախորդ կիրակի պատարագ մատուցած Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը։
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն իր խոսքում ասաց,․«Այս այցը նախատեսված էր վաղուց, սակայն մենք գտնվում էինք բուժման ընթացքում, հետաձգվեց այցը Արմավիրի մարզ: Մենք ուրախ ենք, որ մեր պետության ղեկավարությունը իր հավատով իր նվիրվածությամբ դեպի եկեղեցի ու հատկապես իր մասնակցությամբ, որովհետև լինել հավատացյալ և չմասնակցել Սուրբ պատարագներին, չապրել Քրիստոսի գծագրվածկյանքով, ապա մեր քրիստոնյա կոչումը շատ կիսատ կլիներ, այսօր մենք տեսնում ենք ամբողջական այդ ընդհանուր գծերի մեջ մեր վարչապետի այդ ընդհանուր երևույթը, որի համար մենք ուրախ ենք»:
Նա, լրագրողի հարցին՝ արդյոք բոլորը համաձայն էին, որպեսզի Կաթողիկոսի անունը զեղչվի, պատասխանեց՝ այո։ Տեր Սիոն արքեպիսկոպոսը վեհափառի անունը զեղչելը կանոնական խախտում չի համարում, սակայն Գարեգին Բ-ին համարում է հայրապետ։ ի դեպ եկեղեցում տեղադրված էր ՀՀ դրոշը։
Հիշեցնենք, որ եկեղեցիներում ՀՀ դրոշի տեղադրման առաջարկ արել էր Նիկոլ Փաշինյանը, նաև առաջարկել էր պատարագներից առաջ երգչախումբը ՀՀ օրհներգը կատարի։
Նորություններ
