«Նախաքննության շահերից ելնելով՝ նոր բան ասել չեմ կարող»․ Սուրեն Պապիկյանը՝ զինծառայողի մահվան դեպքի մասին | Region

«Նախաքննության շահերից ելնելով՝ նոր բան ասել չեմ կարող»․ Սուրեն Պապիկյանը՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

Դեկտեմբեր 15,2025 12:55

«Այն, ինչ հայտարարվել է, ավելին հայտնել չեմ կարող, որովհետև հարցը քննչական կոմիտեի տիրույթում է»։ Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքի մասին հարցին։

«Նախաքննության շահերից ելնելով՝ նոր բան ասել չեմ կարող։ Իհարկե, ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող»,- նշեց նախարարը։

Քննադատությունները շատ են, որ նախարարությունը շարունակում է այն գործելակերպը, երբ ինչ-որ դեպք է լինում,  որակում են որպես ինքնասպանության փորձ և տարիներ շարունակ չեն բացահայտվում։ Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը հայտարարեց․ «Հենց դրա համար մենք փորձում ենք գնահատականներ չտալ, որպեսզի նման հարցեր չծագեն, գնահատողը մենք չենք, դրա համար կան մարմիններ, որոնք պետք է տան այդ գնահատականները»։

Հիշեցնենք,  որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել էր զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Սուրեն Պապիկյանն անդրադաձավ նաև այն հարցին, թե այս օրերին սահմանին վերահսկողությունը խստանում է, և ի՞նչ են անում, որպեսզի սահմանին լարվածություն չառաջանա։

Ըստ նախարարի, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում են Ամանորին։

«Չեմ կարծում, որ հիմա կարող է ինչ-որ լարվածություն լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին, այո՛, տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի զինված ուժերն այսօր, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված, հիմա քամին ու բուքն է խնդիրը։

Եթե Երևանում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք, հաշվի պետք է առնենք, որ այնտեղ ձյունը հալվում է ամռանը, իսկ հոկտեմբերին կարող են ձյան շերտեր տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են, և ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,- ընդգծեց Պապիկյանը։

Նորություններ