«Իր կատարած արարքի համար մենք քա՞նի ճիպոտ պետք է օգտագործենք»․ փաստաբանը Ռուբեն Բաբայանի՝ Միքայել սրբազանին «ճիպոտահարելու» հայտարարության մասին | Region

«Իր կատարած արարքի համար մենք քա՞նի ճիպոտ պետք է օգտագործենք»․ փաստաբանը Ռուբեն Բաբայանի՝ Միքայել սրբազանին «ճիպոտահարելու» հայտարարության մասին

Դեկտեմբեր 15,2025 18:17

«Շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականն իրեն թույլ է տալիս նման անհեթեթ և անհոդաբաշխ խոսակցություն՝ դա կլինի հանրային հարթակում, թե՝ միջանձնային։ Այսինքն՝ այդ մտավորականի կարծիքով մենք պետք է նահանջ արձանագրենք իրավակարգից եւ գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ։ Ես փոխադարձ հարց ունեմ տվյալ անձնավորությանը՝ իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք եւ ի՞նչ պարբերականությամբ»,-այս մասին այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն՝ անդրադառնալով Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Բաբայանն ասել էր․«Ամբաղ-զամբաղ խոսելու համար Միքայել սրբազանին 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել: Կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ հրապարակային»։

Սոցիալական ցանցում օգտատերերը Բաբայանին խիստ քննադատության ենթարկեցին իր այդ հայտարարության համար, ինչից հետո նա ասել է, թե կատակ է արել․« Դա ասված էր հումորով: Գուցե հաջող էր կամ անհաջող էր, բայց ասված էր հումորով: Ես 68 տարեկան մարդ եմ, որից 45 տարին աշխատում եմ թատրոնում, 30 տարի ինստիտուտում եւ այդ տարիների ընթացքում երբեւէ ոչ մեկը չի լսել ինձնից բռնության կոչ կամ վիրավորական խոսք որեւէ մեկի հասցեին չի լսել»։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց հետաձգել Միքայել սրբազանի գործի քննությունը, քանի որ վաղը սրբազանը տեղափոխվելու է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։ Սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ ցանկալի է, որպեսզի սրբազանի գործի քննությունն այս տարի շարունակվի, սակայն պարզ չէ, թե հիվանդանոց տեղափոխվելուց հետո ինչ զարգացում կլինի, իսկ դատավորներն էլ հայտնել են, որ դեկտեմբերի 23-ից արձակուրդում են գտնվելու, ուստի հաջորդ նիստի օր նշանակվեց հունվարի 13-ը։

Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել ու հռչակել Գերաշնորհ Միքայել Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Զուգահեռ նաեւ դատախազությունն է վերաքննիչ բողոք ներկայացրել՝ պահանջելով Միքայել սրբազանի պատժի չափը սահմանել ոչ թե 2 տարի, այլ 2,5 տարի ազատազրկում։

 

 

 

 

 

Նորություններ