Կամո Վարդանյանը ևս կար այդ նախնական ցուցակում, որը Բաքուն ներկայացրել էր որպես պահանջ՝ ճանապարհը բացելու և բնակչության դուրսբերման գործընթացը կազմակերպելու համար․ Շահրամանյան
«Կամո Վարդանյանը ևս կար այդ նախնական ցուցակում, որն ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է որպես պահանջ՝ ճանապարհը բացելու եւ բնակչության դուրսբերման գործընթացը կազմակերպելու համար»,-այս մասին զինվորական քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարմանը։
Շահրամանյանի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանն ունի նման որոշում եւ մնացել են ու ապահովել են բնակչության անվտանգ դուրսբերման գործընթացը։
Նա պարզաբանել է, որ Բաքուն իրեն նույնպես ներառել է այն մարդկանց ցուցակում, որոնց մտադիր էր գերեվարել։
Հիշեցնենք, որ Կամո Վարդանյանը 2024 թվականի օգոստոսին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։
Շահրամանյանը տեղեկացրեց, որ այսօր իրեն հարցաքննել են վկայի կարգավիճակով․«Հարցաքննությունը հիմնականում կապված էր 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների և դրա հետևանքների հետ»։
Գործը, որի շրջանակներում այժմ հարցաքննվում է
Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է Արցախի անկման, ԱՀ տեղեկատվական շտաբի հայտարարությունների՝ ՀՀ շահերին ենթադրյալ վնաս պատճառելու վերաբերյալ գործով։ Վարույթը հարուցվել է Սամվել Բաբայանի դիմումի հիման վրա։ Այս տարի Շահրամանյանը 12 անգամ հարցաքննվել է։ Նա ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում , որ իր՝ վկայի կարգավիճակը կփոխվի, սակայն նրա փաստաբան Ռոման Երիցյանը չի բացառում նման բան։
Երեկ փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարվելուն, և թե, իր խոսքով՝ «ինչպես է հնարավոր եղել 120 հազար արցախցիների անվտանգ տեղափոխել Հայաստան՝ ընդ որում առանց Հայաստանի էական միջամտության»։
Երիցյանի ներկայացմամբ՝ սկզբում Բաքուն Արցախի նախագահին է փոխանցվել Բաքուն 5 հոգուց կազմված ցուցակ, որոնց պետք է ձերբակալվեին ու տեղափոխվեին Ադրբեջան։ Նրանց թվում էին՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը։
«Եթե Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի թեման պարզ է, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ էին ներառված եղել Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը։ Արցախի նախագահը, երբ այս հարցը բարձրացրել է, տեղեկացվել է, որ այդ երկու հոգու մասով կա առանձին ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ որոշում կայացված Ադրբեջանի կողմից։
Նախագահը տեղեկացրել է բոլոր 5 անձանց, ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանին տեղեկացրել է հեռավար եղանակով։
Ռուբեն Վարդանյանն իրազեկված լինելով այդ մասին՝ ոչ այլընտրանքային ճանապարհով, բացահայտ Հակարի կամուրջը փորձել է հատել և նրան ուղեկցել է Դավիթ Մանուկյանը, մեքենայում եղել է Մանուկյանի կինը։
Ադրբեջանական հատուկ ծառայողները ձերբակալել, հետագայում գերեվարել են Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին ու կնոջը։ Բանակցությունների արդյունքում երկու օր անց բաց են թողել Դավիթ Մանուկյանի կնոջը»,-պատմել է Երիցյանը։
Ինչ վերաբերում է Լևոն Մնացականյանին, ապա փաստաբանի ներկայացմամբ, նա չի փորձել այլընտրանքային ճանապարհներով հասնել Հայաստան, չնայած կարող էր նման հնարավորություն ունենալ․ «Կարծում եմ՝ նրանց կողմից այսպիսի գործողություններ ձեռնարկելը պայմանավոված էր այն հանգամանքով, քանի որ Ադրբեջանը նախապես տեղեկացրել էր՝ եթե այդ անձինք փորձեն այլընտրանքային ճանապարհներով, գաղտնի եղանակով դիմել փախուստի, ապա արցախցիների՝ Հայաստան տեղափոխումը կդիտարկվի անհնարին գործողություն, կխոչընդոտեն։
Մարդիկ տեղեկություն էին տարածել, որ Դավիթ Բաբայանը կամովի հանձնվել է Շուշիում։ Նման բան չկա։ Բաբայանը ձերբակալվել է։ Նա ֆեյսբուքյան գրառում է արել հանձնվելու մասին, որից հետո կամովին հանձնվել է Ստեփանակարետի «Լավանդա» կառավարական համալիրում։ Նա հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր անազատության մեջ գտնվելու հանգամանքից է կախված արցախցիների անվտանգ տեղափոխումը Հայաստան, մարդը կամովի հանձնվել է Ադրբեջանի հատուկ ծառայողներին։
Մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը այլ ձերբակալություններ չեն եղել, բայց օրակարգում էր թեման, փնտրում էին 5 հոգանոց ցուցակից մնացած 3-ին՝ Դավիթ Իշխանյանին, Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին։ Կար հստակ որոշում՝ մինչև այդ 3 անձինք չհանձնվեն, Արցախում մնացած 120 անձինք, այդ թվում փրկարար ծառայության աշխատողներ, դուրս չեն գալու Հայաստան։
Այդ ժամանակ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 120 մարդիկ պետք է տեղափոխվեին Հայաստան։ Նրանց շարքում էին նաև Կարեն Շահրամանյանն ու Կարեն Սարգսյանը։ Երբ շարասյունը պետք է տեղափոխվեր Հայաստան, Կարեն Շահրամանյանն ու Կարեն Սարգսյանը ձերբակալվում են, տեղափոխվում են Կարեն Սարգսյանի բնակության վայր, որն այդ ժամանակ արդեն ծառայում էր որպես ադրբեջանական շտաբ։ Արդեն մնացած անձինք, երբ հասնում են Հակարի կամուրջ, ձերբակալվում են. նրանք էին՝ Արթուր Հարությունյանը, Արարատ Մելքումյանը, Բակո Սահակյանի անվտանգության պետն ու Կամո Վարդանյանի վարորդը։ Նրանց ձերբակալելու պատճառը, ըստ Ադրբեջանի մեկն է, նրանք գիտեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, մասնավորապես Դավիթ Իշխանյանի, Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի գտնվելու վայրը, նրանք պետք է ասեն, հակառակ դեպքում տեղափոխվելու են Բաքու։ Մի քանի ժամ անց կայացվում է նրանց ձերբակալելու, Բաքու տեղափոխելու որոշում։ Արցախի նախագահը խնդրում է բանակցել այդ հարցի շուրջ։ Մինչև լուսաբաց տեղի են ունենում բանակցություններ, հաջողվում է Բակո Սահակյանի անվտանգության պետին ու Կամո Վարդանյանի վարորդին ազատ արձակել, մնացած անձանց չտեղափոխել Բաքու, այլ վերադարձնել Ստեփանակերտ ու պահել Կարեն Սարգսյանի բնակության վայրում»։
Երիցյանի ներկայացմամբ՝ այդ ընթացում Սամվել Շահրամանյանը հանդիպում է երեքին, տեղեկացում, որ Ադրբեջանի հատուկ ծառայողները պահանջ են դրել՝ եթե նրանք չհանձնվեն, այս անձինք կտեղափոխվեն Բաքու․ Բոլոր երեք անձիք՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը միանգամից ասում են՝ թույլ չեն տա որևէ արցախցի իրենց պատճառով կրի պատասխանտվություն կամ ենթարկվի որոշակի հալածանքների։ Այդ ժամանակ որոշում է կայացվում նրանք անձամբ հանդիպեն Ադրբեջանի հատուկ ծառայողների ներկայացուցիչների հետ, տեղակացնում են, որ ունեն որոշակի պահանջներ։ Այս երեք անձանց հետ է եղել նաև պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը»։
Նորություններ
