Ասում էին՝ առաջատար ես, բայց նստեցնում էին պահեստայինների նստարանին. Թիկնիզյանի անկեղծ խոստովանությունը | Region

Ասում էին՝ առաջատար ես, բայց նստեցնում էին պահեստայինների նստարանին. Թիկնիզյանի անկեղծ խոստովանությունը

Դեկտեմբեր 23,2025 13:51

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել կարիերայի վերջին շրջանի, Միխայիլ Գալակտիոնովի հետ ունեցած տարաձայնությունների և տրանսֆերային ձախողված պատմությունների մասին։

Թիկնիզյանը նշել է, որ «Լոկոմոտիվում» իր համար ամենաբարդը մարզչի կողմից անկեղծության պակասն էր։ Ըստ ֆուտբոլիստի՝ ղեկավարությունը նրան վստահեցնում էր, որ նա թիմի առաջատարն է, սակայն դրան հաջորդում էին խաղեր, որտեղ նա նստում էր պահեստայինների նստարանին՝ առանց որևէ բացատրության։

«Ինձ համար կարևոր է ուղիղ տեսողական կոնտակտը և ազնվությունը։ Մարզիչը բոսսն է, նա է որոշում՝ կխաղաս, թե ոչ, բայց ես կհարգեի նրան, եթե նա ուղիղ ասեր՝ «Նաի՛ր, դու վատ մարզավիճակում ես կամ սխալ ես գործում»։ Գալակտիոնովի դեպքում դա չկար»,- ասել է Թիկնիզյանը։

Նա նաև պատմել է, որ ձմեռային հավաքների ժամանակ, երբ առաջարկ էր ստացել իսպանական «Լեգանեսից», խնդրել էր ակումբին իրեն բաց թողնել վարձակալության, եթե իրեն չեն դիտարկում որպես հիմնական կազմի խաղացող։ Թե՛ սպորտային տնօրեն Ուլյանովը, թե՛ Գալակտիոնովը հավաստիացրել էին, որ նա թիմին պետք է, սակայն հետագա իրադարձությունները հակառակն են ապացուցել։

Ֆուտբոլիստը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են եղել մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիան», «Լեգանեսը» և «Վերդերը»։ «Սևիլիան» և «Լեգանեսը» ներկայացրել էին անձնական պայմանագրի առաջարկներ։ «Վերդերը» 2023 թվականին պատրաստ էր վճարել 4 մլն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» մերժել էր՝ համարելով, որ Թիկնիզյանն ավելի թանկ արժե։

Թիկնիզյանը մանրամասն պարզաբանել է «Զենիթի» հետ ձախողված բանակցությունները։ Նա նշել է, որ սանկտպետերբուրգյան ակումբը առաջարկում էր իր «Լոկոմոտիվի» աշխատավարձից 2.5 անգամ ավելի մեծ գումար, սակայն գործարքը չի կայացել երկու պատճառով.

Նաիրը վախենում էր դառնալ «պահեստային տարբերակ» Դուգլաս Սանտոսի համար և ցանկանում էր հասկանալ՝ արդյոք իր վրա հույս դնո՞ւմ են որպես հիմնական խաղացողի։ «Զենիթը» առաջարկում էր ամսական 11.5 մլն ռուբլի, մինչդեռ Թիկնիզյանը պահանջել էր 13 մլն։ Երբ ակումբը դրել էր վերջնագիր («կամ այսպես, կամ ոչ մի կերպ»), ֆուտբոլիստը հրաժարվել էր։

«Եթե ես միայն փող ցանկանայի, կհամաձայնեի հենց առաջին առաջարկին, քանի որ այն արդեն հսկայական էր։ Բայց ինձ համար կարևոր էր զգալ իմ արժեքը որպես ֆուտբոլիստ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանից Նաիր Թիկնիզյանը հանդես է գալիս սերբական «Ցրվենա Զվեզդայի» կազմում։

armsport.am

Նորություններ