Կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը․ բիզնես ծրագրերի համար դրամաշնորհ կտրամադրվի
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։ Այն նախատեսում է աջակցություն տրամադրել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած, գործունեության որևէ տեսակով ՀՀ–ում չզբաղված և վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ և յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։
Ըստ այդմ՝ աջակցություն կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝
1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով)
2) գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։
Նախագծով առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝
1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300 հազար դրամ,
2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60 հազար դրամ։
Ծրագրի շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար կտրամադրվի դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 միլիոն դրամը։
Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին կփոխանցվի դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասը կփոխանցվի շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։
Նախատեսվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3 միլիոն դրամ, շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1 միլիոն դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը կտրվի ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ինքնազբաղվածության հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի՝ նպաստելով վերջիններիս տնտեսական կայունացմանն ու արտագաղթի նվազեցմանը։
