Բայրամով․ ՀՀ-ն Բաքվին տեղեկացրել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանը Բաքվին տեղեկացրել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։
«Հնարավոր է, Հայաստանը ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»,-տարեվերջյան ասուլիսում ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրն ավարտվում է 2038 թվականին, և ինչպես Բայրամովն է ասել՝ հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ, հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա»։
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ «Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության պաշտոնյան էր հայտարարություն արել, թե առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ գործարկել «Թրամփի ուղին», քանի որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը կարող է երկաթուղու որոշ հատվածներ հետ վերցնել ռուսական կոնցեսիայից ու ՀՀ պետբյուջեի միջոցներով վերականգնել։
