Թոմ Հարդին՝ Երևանո՞ւմ. հայտնի դերասանը կարող էր մենամարտել Արման Ծառուկյանի հետ | Region

Թոմ Հարդին՝ Երևանո՞ւմ. հայտնի դերասանը կարող էր մենամարտել Արման Ծառուկյանի հետ

Հունվար 05,2026 18:21

«Վենոմ», «Խավարի ասպետը» և «Խելագար Մաքս» ֆիլմերի աստղ, բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին կարող էր պրոֆեսիոնալ գրեփլինգում իր նորամուտը նշել Երևանում՝ մրցելով UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ Hype FC մրցաշարի շրջանակում:

Այս անսպասելի առաջարկի մասին բարձրաձայնել է Hype FC լիգայի ղեկավարներից Արման Մարտիրոսյանը՝ սոցցանցերում հրապարակելով հոլիվուդյան աստղի հետ նամակագրությունից մի հատված։ Ըստ Մարտիրոսյանի՝ Հարդիին դիտարկում էին որպես Շարա Բուլետին փոխարինող՝ դեկտեմբերյան մրցաշարի համար։

«Թոմ Հարդին դեկտեմբերին պետք է գոտեմարտեր Շարա Բուլետի փոխարեն»,- գրել է Մարտիրոսյանը։

Անձնական նամակագրության մեջ դերասանը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն ստիպված է եղել մերժել զբաղվածության պատճառով.

«Արման, նախ՝ սա շատ շռայլ առաջարկ է։ Որտեղի՞ց և ինչո՞ւ է այն ծագել։ Կարծես թե սա շատ ավելի մեծ գումար է, քան սովորաբար վաստակում է BJJ պրակտիկայով զբաղվող ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ: Բայց խոսքը դրա մասին չէ… Մարտից մինչ օրս ես խիստ զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ… Շատ շնորհակալ եմ, որ մտածել եք իմ մասին»:

Նշենք, որ Թոմ Հարդին հայտնի է որպես բրազիլական ջիու-ջիցուի մեծ երկրպագու. նա պարբերաբար մարզվում է, ունի կապույտ գոտի և նույնիսկ մասնակցել է գրեփլինգի բարեգործական մրցաշարերի:

Հիշեցնենք, որ ի վերջո Արման Ծառուկյանը Երևանում մրցեց Շարա Բուլետի հետ: Վեց րոպե տևած գոտեմարտն անցկացվեց միայն ցավեցնող/խեղդող հնարքներով կանոններով: Մարտիկներից ոչ մեկին չհաջողվեց վճռորոշ հնարք կատարել, և դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի:

armsort.am

Նորություններ