UFC-ի վերլուծաբանը բացահայտել է Ծառուկյանի տիտղոսային մարտ չստանալու պատճառը
UFC-ի վերլուծաբան և մեկնաբան Ջոն Անիկը թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանին անվանել է այս պահին աշխարհի լավագույն թեթև քաշայինը։
«Ինչ վերաբերում է Իլիա Թոփուրիային, Ջասթին Գեյջիին և Փեդի Փիմբլեթին, կարծում եմ՝ երկրպագուների մեծ մասը կհամաձայնի, որ Արման Ծառուկյանն ավելի լավ և բազմակողմանի զարգացած թեթև քաշային է։ Սակայն միայն Հանթեր Քեմփբելը, Դանա Ուայթը և մի քանի ընտրյալներ գիտեն, թե իրականում ինչ տեղի ունեցավ UFC 311-ից առաջ։
Կախված նրանից, թե ում եք հարցնում, պատճառը կա՛մ քաշ գցելն էր, կա՛մ վնասվածքը։ Աշխարհն անարդար է, ուստի, այո՛, ես կարծում եմ, որ Արմանի հետ անարդար վարվեցին։ Բայց միայն գործընթացին ներգրավված մարդիկ գիտեն, թե հունվարին՝ UFC 311-ի ժամանակ, նա որքան էր հիասթափեցրել Դանա Ուայթին», — ասել է Անիկը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Արման Ծառուկյանը քաշ գցելու ընթացքում ստացած մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային ռևանշ մենամարտից։ Ավելի ուշ՝ նոյեմբերին, Արմանը ցավեցնող հնարքով հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ, սակայն այդպես էլ չեմպիոնական մարտի հնարավորություն չստացավ թեթև քաշային կարգում։
