Բաքուն պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ, Իրանի կողմից Նախիջևանի վրա հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարվածների առնչությամբ։
«Իրանի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ կապված անհրաժեշտ հակազդեցություններ են նախապատրաստվում. այդ հարձակումներն անպատասխան չեն մնա»,-նշված է հայտարարության մեջ։
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից Արդրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումները, որոնք չեն արդարացվել ռազմական անհրաժեշտությամբ։
«Այս միջադեպի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա»,-նշված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել, նշելով, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել»։
Այդ երկրի ԱԳՆ-ն նշում է, որ իրանական հարվածից վնասվել է Նախիջևանի օդանավակայանի շենքը, վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։
«Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, այսօր Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Նախիջևանին, ինչի հետևանքով մեկ ԱԹՍ բախվել է օդանավակայանի տերմինալին, իսկ մի քանիսը ընկել են այլ վայրերում։ Մեկ ԱԹՍ էլ ընկել է Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։
Պաշտոնականն Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահանջում, Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Բաքուն հայտնում է, որ իրանական կողմին կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։
