Ստատուս քվոյի փլուզումը. Իսրայել-Թուրքիա հակամարտությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստը | Region

Ստատուս քվոյի փլուզումը. Իսրայել-Թուրքիա հակամարտությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստը

Հուլիս 13,2026 22:14

Իսրայելը և Թուրքիան՝ մերձավորարևելյան երկու տարածաշրջանային տերությունները, որոնք ժամանակին մտերիմ գործընկերներ էին, կտրուկ ուժեղացրել են փոխադարձ քննադատությունը։ Թուրքիան առաջին մուսուլմանական երկիրն էր, որը ճանաչեց Իսրայելի անկախությունը, սակայն երկու պետությունների միջև հարաբերությունները երբեք հեշտ չեն եղել։ Էրդողանի իշխանության գալուց հետո, Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները բարդացան։ Անկարան և Թել Ավիվը գնալով ավելի հաճախ են միմյանց գործողությունները դիտարկում որպես սպառնալիք իրենց ազգային շահերին ու անվտանգությանը։ Այնուամենայնիվ, այս երկրների միջև դիմակայությունը մնում էր գերազանցապես դիվանագիտական մակարդակում և չէր վերածվում ուղղակի ռազմական բախման։

RegionsTV-ին տված հարցազրույցում Քնեսեթի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանում է Իսրայելի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական բարդ հարաբերությունները, այս երկրների միջև ռազմական հակամարտության սկսվելու հավանականությունը և այլ խնդիրներ։

Թուրքիայի և Իսրայելի դիմակայության առանցքային պատճառները

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ մինչև Էրդողանի իշխանության գալը՝ 70-80-ական թվականներին, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները ամուր էին ու գործնական։ Սակայն այն բանից հետո, երբ Էրդողանը սկսեց իսլամացման կուրսը, երկրի աշխարհիկ դիմագիծը, հատկապես արևելյան շրջաններում, ներառյալ Ստամբուլը, սկսեց աստիճանաբար փոխվել։ Թուրքիան ձգտում էր ուժեղացնել իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային առաջնորդ Մերձավոր Արևելքում։

Քաղաքագետն ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններում առանցքային խնդիր է դարձել Գազայի հատվածը և ՀԱՄԱՍ շարժումը։ «2005 թվականին Գազայից բնակավայրերն ու զորքերը դուրս բերելու և արաբներին խաղաղ պայմաններում ապրելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի որոշումից հետո, ՀԱՄԱՍ-ը, զրկվելով սահմանափակումներից, ակտիվացավ։ Կազմակերպությունն ընդլայնեց իր գործունեությունը՝ սկսելով հրետակոծել ոչ միայն սահմանամերձ տարածքները, այլև Իսրայելի հարավային քաղաքները։ Իսրայելն իր հերթին ձեռնարկեց պատասխան գործողություններ՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին չեզոքացնելու ուղղությամբ»,- նշեց քաղաքագետը։

Ցինկերը կարծում է, որ Թուրքիան, որպես զենք վերցնելով պաղեստինցիների և Գազայի հատվածի խնդիրները, իրեն դիրքավորեց որպես հակաիսրայելական պայքարի առաջնորդ։ Նրա ներկայացմամբ՝ իրավիճակն է՛լ ավելի սրեց թուրք ակտիվիստների մասնակցությամբ «Ազատության նավատորմի» միջադեպը, որն ուղևորվում էր Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական տարածքային ջրերի շրջափակումը ճեղքելու։ Դա հանգեցրեց դեսպանների փոխադարձ հետկանչմանը և հարաբերությունների հետագա վատթարացմանը, որոնք միջպետականից վերածվեցին վարչապետ Նեթանյահուի և նախագահ Էրդողանի միջև անձնական հակամարտության։ Այսօր նրանց հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա՝ մտավախություններ առաջացնելով երկրների միջև հնարավոր ռազմական բախման վերաբերյալ։

Ալեքսանդր Ցինկերն ընդգծում է, որ թուրք առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում էր տարածաշրջանի ապակայունացման մեջ։ Էրդողանի հայտարարությունները («Մենք կմտնենք Իսրայել, ինչպես մտանք Լիբիա և Ղարաբաղ») և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը («Մենք կգանք Երուսաղեմ») ուղղակի սպառնալիքներ են Իսրայելի հասցեին, որոնց երկիրը պատասխանել է։ «Ձևավորվում է մի այսպիսի եռանկյունի՝ Նեթանյահու, Էրդողան և Թրամփ, որը սերտ կապեր ունի երկու առաջնորդների հետ էլ։ Հնարավոր է, որ Թրամփի միջամտությունը հանգեցրել է թուրքական հռետորաբանության որոշակի մեղմացմանը։ Թուրքիան ձգտում է ստանալ ամերիկյան կործանիչների պատվերը, մինչդեռ Իսրայելը, վախենալով Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության խախտումից, ակտիվորեն փորձում է խոչընդոտել դրան։ Կարծում եմ՝ Վաշինգտոնին հանգստացնելու համար արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի հակամարտության պատճառների բացակայության մասին»,- նշեց Ցինկերը։

Նա հավելեց, որ Թուրքիան օգտագործում է արտաքին սպառնալիքների հռետորաբանությունը՝ ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար։ Էրդողանը բախվում է լուրջ դժվարությունների՝ թուրքական տնտեսության տխուր վիճակի և ընտրությունների նախաշեմին ուժեղ ընդդիմության հետ։

«Էրդողանը դիմում է իր փորձված մարտավարությանը՝ դավադրության կամ արտաքին թշնամու փնտրտուքին։ Նախկինում դա իբր գեներալների դավադրությունն էր, այժմ՝ Ստամբուլի քաղաքապետի և այլ պաշտոնյաների դեմ։ Թուրքիայում տեղի են ունենում պաշտոնանկություններ և ձերբակալություններ։ Թուրք բնակչության ուշադրությունը մշտապես շեղելու անհրաժեշտությունը հանգեցնում է արտաքին թշնամու փնտրտուքի, ինչն էլ սնում է ընթացիկ դիմակայությունը»,- ասաց Ցինկերը։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի ներկայիս վարքագիծը՝ բոլոր «կարմիր գծերը» հատող, ստատուս քվոն խախտող և Իսրայելի հասցեին ուղղակի սպառնալիքներ հնչեցնող, ազատում է վերջինիս նախկինում ստանձնած որևէ պարտավորությունից։

«Այս կապակցությամբ Իսրայելի կառավարությունը, միաձայն որոշում ընդունելով, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Փորձագետը նշեց, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում ստատուս քվոն հաստատվել էր 70-80-ական թվականներին, և 90-ականների վերջին, երբ փորձեր էին արվում ընդունել ճանաչման մասին օրենքը, դրան մերժում էր տրվում՝ պատճառաբանելով, որ գոյություն ունեցող պայմանավորվածությունները թույլ չեն տալիս դա անել»,- ասաց Ցինկերը։

Նշենք, որ պարոն Ցինկերի հետ հարցազրույցը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Իսրայելը Քնեսեթում կասեցնում է հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախագծի քվեարկությունը։

Ըստ քաղաքագետի՝ որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միշտ թելադրված է լինում կա՛մ ներքին, կա՛մ արտաքին քաղաքական և ներքաղաքական որոշումներով։ Որպես օրինակ նա բերեց հայկական մեծ համայնքներ ունեցող երկրները, որոնք, հատկապես ընտրությունների նախաշեմին, ձգտում են շահել այդ համայնքների աջակցությունը՝ ընդունելով համապատասխան օրենսդրական ակտեր։

Դիտարկելով Ռուսաստանի օրինակը՝ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը Մոսկվայի կողմից ընդունվել է որպես պատասխան միջոց՝ պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Չեչնիային ցուցաբերած աջակցությանը։ Նա եզրակացրեց, որ բոլոր երկրները գործում են՝ առաջնորդվելով նմանատիպ պրագմատիզմով։

Քնեսեթի նախկին պատգամավորը ուշադրություն հրավիրեց Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակի վրա, որտեղ Անկարան և Թել Ավիվն ունեն ռազմավարական շահերի սեփական գոտիները։ Նա զգուշացրեց, որ այս տարածաշրջանային տերությունների միջև հակամարտությունը կարող է հանգեցնել էսկալացիայի։ Ցինկերը նշեց, որ «Թուրքիան դեր է խաղացել Ահմեդ աշ-Շարաայի իշխանության գալու հարցում և այժմ ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Սիրիայում։ Իր հերթին, Իսրայելը, ձգտելով նվազագույնի հասցնել Սիրիային սահմանակից իսրայելական հյուսիսային քաղաքներին սպառնացող վտանգները, նախաձեռնել է այսպես կոչված «բուֆերային գոտու» ստեղծումը։ Ավելին, Սիրիայի տարածքում բնակվող դրուզների և քրդերի խնդրանքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը ապահովել է այդ գոտու անվտանգությունը սեփական կարիքների համար»։ Այս կապակցությամբ Ցինկերը կարծիք հայտնեց, որ սիրիական տարածքում լիովին հնարավոր է բախում՝ ավելի շուտ դիրքային, քան ուղղակի, Իսրայելի և Թուրքիայի զինված ուժերի միջև։

Իսրայելի և Թուրքիայի շահերը Սիրիայում

Իսրայելցի քաղաքագետը բացահայտեց Անկարայի հավակնոտ մտադրությունները, որը ձգտում է իր վերահսկողությունը հաստատել Սիրիայի նկատմամբ։ Թուրքիան, ուղղակի աջակցություն ցուցաբերելով Սիրիայի նոր կառավարությանը, ձգտում է կանխել ներքին երկպառակությունները, մինչդեռ նրա հատուկ ծառայությունները ակտիվորեն համագործակցում են սիրիական հետախուզության հետ լոգիստիկայի, տեղեկատվության փոխանակման և կադրերի պատրաստման հարցերում։ Թուրք գործարարները խնդությամբ ներգրավվել են սիրիական տնտեսության վերականգնման գործընթացում։ Որդեգրելով անհաշտ դիրքորոշում սիրիական հողերի իսրայելական օկուպացիայի նկատմամբ՝ Թուրքիան դրանում սպառնալիք է տեսնում սեփական շահերին և մտադիր է զսպել Իսրայելին սիրիական սահմանին, ինչը, ըստ ամենայնի, միայն կարագացնի թուրքական ռազմաբազաների ստեղծումը։

«Եթե ուշադիր նայենք, ապա ամերիկացիներն այժմ բավականին ակտիվ դեր են խաղում Սիրիայում։ Նրանք աջակցում են աշ-Շարաային՝ նույնիսկ հայտարարելով, որ Սիրիան կօգնի լիբանանյան դիմակայությունում ընդդեմ «Հեզբոլլահի»։ Սա Միացյալ Նահանգների ակնհայտ ազդեցությունն է։ Չի կարելի նաև ասել, թե Ռուսաստանը լիովին լքել է Սիրիան. նա փորձում է պահպանել իր ազդեցությունը։ Դրանց կողքին սեփական շահերն են հետապնդում Իսրայելը և Թուրքիան։ Շատ հավանական է, որ Թուրքիան ձգտելու է այնտեղ ռազմաբազաներ ստեղծել։ Թե որքանով են այդ ծրագրերն իրագործելի, ցույց կտա ժամանակը»,-նշեց նախկին պատգամավորը։

Ալեքսանդր Ցինկերն ընդգծեց, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմաբազաներ ստեղծվելու դեպքում Իսրայելի համար ծայրահեղ դժվար կլինի հարվածել դրանց։

Քաղաքագետի խոսքով՝ ռազմական հարված կանխատեսելը երախտամոռ գործ է, քանի որ Իսրայելը հիանալիորեն տեղյակ է Թուրքիայի հզորության մասին, Թուրքիան էլ ոչ պակաս տեղյակ է Իսրայելի հնարավորություններից․«Հենց այս փոխադարձ ըմբռնումն է, իմ կարծիքով, այն սահմանագիծը, որին կարող է հասնել նրանց դիմակայությունը, քանի որ կողմերից ոչ մեկը չի հանդգնի էսկալացիայի գնալ մինչև ուղղակի ռազմական գործողությունների մակարդակ»։

Ռազմական բախումը Թուրքիայի և Իսրայելի միջև բացառված է

Գնահատելով Իսրայելի և Թուրքիայի միջև ուժերի ռազմական հարաբերակցությունը՝ Ալեքսանդր Ցինկերը, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, Թուրքիան զգալիորեն գերազանցում է Իսրայելին բնակչության թվաքանակով, և, համապատասխանաբար, նրա բանակը ընդհանուր առմամբ ավելի մեծ է։ Թեև, անշուշտ, իսրայելական բանակն ունի առավելություն սպառազինության, մասնավորապես՝ ինքնաթիռների հարցում, մինչդեռ տանկեր ավելի շատ ունի Թուրքիան։ Այդուհանդերձ, երկու բանակներն էլ կարելի է անվանել ամենահզորներից Մերձավոր Արևելքում»։

Քաղաքագետը մեկնաբանեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հենց ինքն է կանխել պատերազմը Թուրքիայի և Իսրայելի միջև։ «Նեթանյահուն կոշտ բաներ էր ասել Թուրքիայի և Էրդողանի հասցեին։ Էրդողանը կարող էր պատերազմի մեջ մտնել, որովհետև նա առանձնապես չի սիրում Իսրայելը և առանձնապես չի սիրում Բիբիին։ Բայց նա դա չարեց իմ շնորհիվ»,- հայտարարել էր Թրամփը։ «Եթե լսենք, Թրամփը մեկ ասում է, թե ինքն է բացահայտել Տիեզերքը, մեկ՝ ստեղծել է աշխարհի գրեթե բոլոր երկրները, հետո նրանց բոլորին հաշտեցրել է։ Թրամփի խոսքերին հետևելը ամենախելամիտ որոշումը չէ, չէ՞ որ նրա մտքերը փոխվում են օրվա ընթացքում. առավոտյան նա մի բան է ասում, կեսօրին փորձում է այլ կերպ գործել, իսկ երեկոյան արդեն չի հիշում ասվածը։ Ո՛չ Իսրայելը, ո՛չ Թուրքիան շահագրգռված չեն պատերազմ սանձազերծելու մեջ։ Իսկ իրական մարտական գործողությունների դեպքում, համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի, հարձակումը Դաշինքի անդամի՝ Թուրքիայի վրա, փաստացի կդիտարկվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա։ Իսրայելը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ։ Ավելին, Թել Ավիվը ամուր կապեր է պահպանում Դաշինքի հետ և ԱՄՆ-ի կողքին հանդիսանում է նրա մերձավոր դաշնակիցը։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը չի մտնում ՆԱՏՕ-ի մեջ, նրա հետ կառուցված են որոշակի հարաբերություններ, ներառյալ համատեղ զորավարժությունների անցկացումը և այլն։ Ուստի ես կասկածում եմ, որ Թրամփը կապրի մինչև այն պահը, երբ նրան ստիպված կլինի կողմ ընտրել Իսրայելի և Թուրքիայի միջև պոտենցիալ ռազմական հակամարտությունում»,- ընդգծեց քաղաքագետը։

«Միմյանց ռազմական հնարավորությունների ըմբռնումը, թեև լիովին չի վերացնում ռիսկերը, նվազեցնում է ուղղակի հակամարտության հավանականությունը։ Երկու երկրներն էլ գիտակցում են նման դիմակայության գինը և, հավանաբար, նախընտրում են գտնել հակասությունների լուծման դիվանագիտական կամ անուղղակի տարբերակներ»,- նշեց Ցինկերը։

Զաբելա Ավագյան

 

 

Նորություններ