Դպրոցների օպտիմալացում․ հաշվի առնվե՞լ են Ամասիայի խստաշունչ ձմեռն ու բնակիչների մտահոգությունները | Region

Դպրոցների օպտիմալացում․ հաշվի առնվե՞լ են Ամասիայի խստաշունչ ձմեռն ու բնակիչների մտահոգությունները

Հուլիս 26,2026 18:30

Շիրակի մարզի Ամասիա համայնքում բնակվում է 8200 մարդ։ Համայնքի լքվող, հեռավոր բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պատճառ են դարձել շարունակական միգրացիայի։

Օրինակ, սահմանամերձ Շաղիկ գյուղում մշտական բնակվում է 5 ընտանիք, Դարիկում ընդամենը 1 ընտանիք։ Գառնառիճը համեմատաբար մարդաշատ է․ այնտեղ բնակվում է 45 ընտանիք։

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքում կառուցվում է 4 դպրոց, որոնցից յուրաքանչյուրը սպասարկելու է մի քանի բնակավայրերի դպրոցականների։ Դրանցից մեկը կառուցվում է Բերդաշենում և սպասարկելու է 9 գյուղի։ Ըստ համայնքապետի՝ նորակառույց դպրոցը շահագործման հանձնելուց հետո տվյալ բնակավայրերի ճանապարհների բարեկարգման հարցը ևս կլուծվի։

Սակայն խնդիրը միայն ճանապարհները չեն։ Հեռավոր գյուղերի բնակիչները պնդում են, որ գյուղերում դպրոցների փակումից հետո միգրացիայի ծավալներն էլ ավելի կմեծանան։ Նշում են՝ այս տարածաշրջանում ձմեռը խստաշունչ է, և ձնաբքերի ժամանակ այդքան ճանապարհ կտրելն ուղղակի ամենօրյա արկածախնդրություն կլինի։

Ընդգծենք, որ Հայաստանի ամենացուրտ վայրը գտնվում է այս համայնքում՝ Պաղակն բնակավայրում, որտեղ մինչև -42 °C  ջերմաստիճան է գրանցվում։ Ի դեպ, Պաղակնը ևս լքված բնակավայր է, որը գտնվում է Բերդաշենի հարևանությամբ, այն բնակավայրի, որտեղ կառուցվում է 4 դպրոցներից մեկը։

Ջեմմա Հարությունյանը չի հերքում, որ դժվարություններ կլինեն։ Նա հայտնեց, որ դպրոցահասակ երեխաների տեղափոխման հարցը փորձել են լուծել դրամական հատկացումներով՝ յուրաքանչյուր դպրոցականի տեղափոխման համար ծնողին կտրամադրվի 2000 դրամ։

Regions TV-ն անդրադարձել է համայնքի հեռավոր գյուղերի բնակիչների մտահոգություններին և պաշտոնյաների հավաստիացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ