Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ․ Գալյան | Region

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ․ Գալյան

Սեպտեմբեր 16,2026 16:58

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նոր Սահմանդրության տեքստի շուրջ աշխատանքնեևը փոքր ինր դանդաղել էին, ըստ նախարարի, խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Նա ասաց, որ տեքստն ամբողջական է, այժմ այն տարբեր գերատեսչություններում է քննարկվում․«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեքստը դեռ չի հաստատվել, շուտով կունենանք նիստեր՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին ծանոթանալ»։

Կա՞ն կետեր կամ դրույթներ, որոնց շուրջ անհամաձայնություններ կան, այս հարցին ի պատասխան Գալյանը բացասական պատասխան տվեց. «Չէի ասի, որ նման կետեր կան»։ Ինչ վերաբերում է Սահմանադրության տեքստը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին տրամադրելու հնարավորությանը, նախարարն ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սահմանադրական բարեփոխումների խորհրդում մասնակցելու իրավական հնարավորություն ունեն․«Եթե իրենք ցանկանում են, կարող են գալ և մասնակցել խորհրդի նիստերին։ Մենք միշտ ցանկացել ենք պրոցեսին մասնակից դարձնել նաև մեր ընդդիմադիր գործընկերներին, բայց նրանք երբևէ այդ հնարավորությունից չեն օգտվել և չեն մասնակցել»։

Նա հայտնեց, որ նոր Սահմանադրության տեքստում նաև ներառվում է երդվյալների ինստիտուտի մասին դրույթը․«Օրենքով սահմանված կարգով և դեպքերում դատարանում գործի քննությունը կարող է իրականացվել երդվյալների ներգրավմամբ։ Մոտավորապես այսպես է ձևակերպումը»։ Երդվյալների մասին մյուս դրույթները կարգավորվելու են այլ օրենքներով։

Նորություններ