Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կրկնապատկվում են․գորածդիրը հաստատեց նախագիծը
Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ՝ գորածադիրը հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխությունների մասին նախագծին, որով նախատեսվում է վերանայել հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։
Նոր համակարգում վարձատրությունը հաշվարկվելու է աշխատողի կատարողականի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ՝ լավ և ավելի լավ, այդ աշխատակիցների աշխատավարձը կկազմի 450-500 հազար դրամ։
Փոխվարչապետի ներկայացմամբ՝ բաժնի պետերը, որոնց ամսական աշխատավարձը գործող համակարգով կազմում է մինչև 400 հազար դրամ, այս նոր կարգավորումներից հետո հնարավորություն ունեն իրենց լրավճարների հետ միասին ստանալ մինչև 740 հազար դրամ։ Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա 520-550 հազար դրամի դիմաց ստանալ մինչև 800-900 հազար դրամ։
Խաչատրյանի խոսքով՝ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը այսօր կազմում է 250-350 հազար դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նոր համակարգը պետք է պետական ծառայողների վարձատրության չափը կապի ոչ միայն պաշտոնի պատասխանատվության և կոմպետենցիաների, այլև արձանագրված արդյունքների հետ։
Ըստ նախագծի՝ կատարողականի գնահատման համար նախատեսվում են քանակապես չափելի և ստուգելի ցուցիչներ, իսկ մարմինների համար՝ ռազմավարական նպատակներ և թիրախային ցուցանիշներ։
Նախագիծը, ինչպես ասաց փոխվարչապետը, վերաբերում է պետական ծառայության տասնյակ հազարավոր աշխատողների, այն չի վերաբերում այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգը։ Այդ բացառությունների թվում են մի շարք ուժային կառույցներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր համակարգում լրավճարները պետք է հստակ տարանջատվեն հիմնական աշխատավարձից և պայմանավորվեն աշխատանքի արդյունքներով․«Այս բարեփոխումը չանել նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և Հայաստանի Հանրապետությունում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։
Բացի այս, նախագծով առաջարկվում է փոխել իրավապահ համակարգի մի շարք պաշտոնների համար կենսաթոշակի իրավունքի տրամաբանությունը։ Առաջարկվում է 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակ ստանալու գործող հնարավորության այլընտրանք՝ երկարամյա ծառայությունը խրախուսող կարգավորում, այդ թվում՝ 60 տարեկանի նվազագույն շեմ սահմանելով մի շարք պաշտոնների համար։
