Փաշինյանի բիզնես-պլանը շիրակցիներին՝ մի հատ ղազան ա պետք, 2 հատ՝ քյոթուկ, 15 հատ էլ՝ եգիպտացորեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի գյուղացիներին առաջարկում է ճանապարհներին խաշած եգիպտացորեն վաճառել, քանի որ ճանապարհները լավ ասֆալտապատված են, գնացող-եկողներ շատ կլինեն։
Փաշինյանն այսօր այցելել էր Շիրակի մարզ։ Նա ֆեյսբուքի իր էջում իր այցի մասին տեսանյութեր է հրապարակել։ Դրանցից մեկում Փաշինյանը մի խումբ գյուղացիների հետ է զրուցում ․«Արմավիր-Գյումրի ճամփեն սարքվել ա, էդ նշանակում ա, որ ճամփեն ակտիվանալու է, գնացող-եկողը շատանալու ա։ Հիմա ձեր խնդիրն էն ա, որ գտնեք ձև, ընենց անեք, որ գնացող-եկողն իրա ճանապարհին ինչի կարիք կունենա․․․, որ դուք էլ եկամուտ ունենանք։ Փոքր բանից սկսեք, բաներ կան, որ ֆինանսական բան չի պահանջում»:
Գյուղացիներից մեկը Փաշինյանին արձագանքեց, թե՝ հենց փոքր բանից էլ սկսել ենք․«Մեր հայրենիքը պահելուց»։
Վարչապետը չարձագանքեց գյուղացուն, շարունակեց իր «բիզնես-նախագծերն» առաջարկել տեղացիներին․«Եղբայր, փոքրից սկսեք, հիմա, օրինակ, Դիլիջանի ճանապարհների վրա արդեն տասնյակ տարիներով մարդիկ խաշած եգիպտացորեն են վաճառում: Դրա համար մեծ ֆինանսական ներդրում պետք չի, մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն ա պետք, 2 հատ էլ քյոթուկ ա պետք»։
Համայնքի բնակիչը հակադարձեց․«Է, եթե ոռոգման ջուր չունենք, էդ կուկուռուզը չենք կարա մշակենք․․․»։
«Քո կարծիքով Դիլիջանում կուկուռուզն իրա՞նք են մշակում: Ոռոգման ջրի հարցը կլուծենք, բայց դա կարա տեւի մեկ տարի, երկու տարի, հիմա երկու տարի նստենք սպասե՞նք»,-ասաց Փաշինյանը: Տղամարդն էլ ի պատասխան Փաշինյանի, նշեց․«Ջահել եմ, կսպասեմ»։
Վարչապետը նրան խորհուրդ տվեց չսպասել, մի փոքր բիզնես սկսել ․«Կուկուռուզ չկա, ուրիշ բան արեք, մի բան մտածեք»։