«Ապրիլի 3-ին դանակը կվերցնեն եւ քոռ մասով կշարունակեն քերթել ժողովրդի ոսկորը…»
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում տեղի ունեցող զարգացումների, կառավարության, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկվող քայլերի, բարեփոխումների անվան տակ հասարակությանն ի ցույց դրվող գործողությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
—Պարոն Մարտիրոսյան, այս շրջանում կառավարությունն ինչ—ինչ քայլեր է ձեռնարկում, դա հրամցվում է ժողովրդին որպես իրական բարեփոխում: Դուք այս ամենն իսկապե՞ս բարեփոխում եք համարում, թե՞ ավելի շուտ իմիտացիա:
-2008 թվականի մայիս եւ հունիս ամիսներին Սերժ Սարգսյանը Հայաստանը «դարձրել էր» իդեալական պետություն, առնվազն գործարար աշխարհի համար: Մեր մաքսատներն այդ երկու ամիսների ընթացքում իդեալական էին աշխատում, օրենքի տառին համապատասխան, կաշառք չկար, ծանոթ-մանոթ չկար, բոլորը հավասար էին, հարկային մարմնի աշխատողները հիշեցին, որ իրենք կարող են չգոռալ, ժպտալ, մուննաթ չգալ եւ այլն: Անգամ «Փեթակի» ներկրողները, որ երբեք լեգալ մաքսազերծում չէին անում, միշտ փողը տալիս էին եւ անց էին կացնում, այդ երկու ամիսների ընթացքում արդեն լեգալ էին անում գործը եւ, բնականաբար, դա ավելի թանկ էր, քան ոչ լեգալը: Սա 2008 թվականն էր: Պետք է նշել, որ շատ-շատերը գործարար աշխարհից այդ կուտը կերան: Արդեն հուլիսին այդպես չէր, բոլորը պետք է վերադառնային հին սխեմաներին: Սա ինձ համար դաս էր, որ եթե Սերժ Սարգսյանն ուզում է, ապա կարողանում է: Հետո իմացա, թե ոնց էին կարգավորել այդ հարցը՝ ժողովո՛ւրդ, դիմացեք, տեսնենք ինչ է լինում, բայց առնվազն այդքան ժամանակ պետք է քայլ չանեին՝ ո՛չ կաշառք, ո՛չ ծանոթ… Ես միշտ եմ ասել եւ ուզում եմ կրկնել, որ կոռուպցիայի ամենավատ տեսակը կաշառքը չէ: Ամենավատ տեսակը՝ քավոր-սանիկ, բաջանաղ, դասարանցի հարաբերություններն են: Պատկերացնենք երկու գործարար ինչ-որ պատվեր պետք է վերցնեն եւ պետք է «ատկատ» տան: Վատ մրցակցություն է կաշառքով մրցակցությունը, բայց մրցակցություն է: Մեկը կարող է ավելի շատ վճարել եւ ցանկալին իրենը կդառնա, բայց եթե մորաքրոջ տղան է, ոչ մի գործարար չի կարող ավելի մորաքրոջ տղա դառնալ, քան վարչարարի մորաքրոջ տղան է: Եթե դա քավոր-սանիկն է, ինքը չի կարող որոշում կայացնողի քավոր կամ սանիկ դառնալ այդ պատվերի համար:
Եթե թարգմանենք կոռուպցիան, երեւի ամենամոտիկ հայերեն բառը փչացածն է: Երբ անգլախոս մարդը “corruption” է արտահայտում, դա մոտավորապես նույն կերպ է հնչում, երբ մենք ասում ենք «յախք»՝ ինչ-որ զզվելի բան տեսնելիս, ո՞նց է մեր դեմքի արտահայտությունը՝ զզվանք արտահայտող: Իրենք այդ բառն արտասանելիս հենց դեմքի այդպիսի արտահայտություն են ընդունում: Իսկ երբ որ հայերեն են «կոռուպցիա՜» բառն օգտագործում, քիչ է մնում սիրո խոստովանություն լինի… փչացածը փչացած է, վե՛րջ: Մենք պետք է հասկանանք, որ դա ամենավատ բանն է, մեր պետության հիմքը փչացնող:
Ինչո՞ւ էր այն ժամանակ Սերժ Սարգսյանն այդ իդեալական պայմանները ստեղծել: Որովհետեւ մարտի 1-ը նոր էր եղել, 10 քաղաքացի զոհվել էր, մի քանի հարյուր մարդ վիրավորված էր, հարյուրավոր մարդիկ բանտերում էին, միջազգային բանաձեւեր կային եւ այլն: Եվ նրա հույսն այն էր, որ հանկարծ գործարար աշխարհը չըմբոստանա: Նա կարողացավ կուտը տալ եւ առնել: Բայց տասը տարի գաղջ մթնոլորտ ստեղծելուց հետո նա մի քիչ շատ չափն անցավ իր ամեն ինչով՝ թող «խիյարը թարս աճի», կամ անպատիժ, հղփացած վիճակի մասին խոսող արտահայտություններով՝ «ինչքան կուզենք, այդքան կխփենք», ինչպես նաեւ կարմիր գծեր, արագաչափեր եւ այլն: Հետեւողականորեն փչացրին Հայաստանի մթնոլորտը, հավատն իսպառ վերացավ, արտագաղթը շատացավ եւ այլն… այդ աղետներին գումարվում է զինվորի կոշիկ չունենալը, 80-ականների զենքերով կռվելը եւ այդ ամբողջ փողերը գռփելն ու լափելը: Եվ այս ամենից հետո, երբ որ հավակնում են մնալ իշխանության, հիշում են՝ այն ժամանակ կուտը տվեցինք, լավ էլ կերան: Հիմա հստակ ժամկետ կա դրված: Անել ցանկացած մայմունություն, եւ այդ մայմունությունները պետք է լինեն մինչեւ ապրիլի 2-ը: Ու մտածում են, որ ապրիլի 3-ին դանակը կվերցնեն եւ քոռ մասով կշարունակեն քերթել ժողովրդի, կասեի մաշկը, բայց մաշկ չի մնացել, ոսկորը: Ես կարծում եմ՝ սա է իրենց պլանը: Ցանկացած տիպի խոստում կհնչի: Եթե գնաք հարցնեք, թե այս տարի Լուսին հայկական տիեզերանավը կհասնի՞… դե իհարկե կխոստանան: Այս տարի սուզանավեր կունենա՞նք, կասեն կունենանք… Ի՜նչ խոստումներ ասես չեն լինելու, բոլորին պատրաստ են փուռը տալ: Հիմա Լիսկային ասել են՝ ախպեր ջան, մենք հասկանում ենք, որ դու մեր թեւ-թիկունք ումուդն ես, բայց այս պահին պետք է քեզ զոհ տանք, դիմացի: Նույնը վերաբերում է եւ՛ Պավել Սաֆարյանին, եւ՛ Արմեն Ալավերդյանին եւ այլն: Այս նույնը կարող է վերաբերել նաեւ մերձավոր շրջապատին, բայց այս ամենը լինելու է հանուն ապրիլի 2-ի: Որովհետեւ ապրիլի 2-ին ոչընտիրն ուզում է դառնալ վարչապետ եւ անելու է ամեն ինչ, որպեսզի դա իրականանա:
Երբեք ստրուկը, առհասարակ իշխանության տարբեր կզող հատվածների մասին է խոսքը, չի կարող ընկալել ինչ բան է ազատությունը: Նա կարող է վախենալ: Առհասարակ, վախենում են նրանից, ինչը որ չեն ճանաչում: Երբեք անտառում ապրող մարդիկ չեն վախենում անտառից, բայց անտառ չգնացած մարդիկ վախենում են: Հնդկաստանում օձից չեն վախենում, այն վայրերում, որտեղ օձ չկա, վախենում են, որովհետեւ չեն շփվում օձերի հետ: Հիմա ստրուկը երբեք չի իմացել ազատության արժեքը եւ ստրուկը չի հասկանում ազատությունն ինչ գերբնական ուժ է տալիս քաղաքացուն: Եվ եթե իրենք որոշ ազատություններ տվեցին, որպեսզի իրենց հիշյալ դերը կատարեն մինչեւ ապրիլի 2-ը, նրանք վաղը էլ չեն կարողանալու ջինին շիշը մտցնել:
—Իսկ գուցե հեռակառավարման վահանակը ձեռքներից վայր չդնե՞ն…
-Ինչ վահանակ ուզում է լինի: Հանրությունը խաբվելով, զզվելով, հոգնելով այս ամեն ինչից, բայց զգալու է այդ ազատության շունչը: Իհարկե խաբվելու է, բայց ազատությա՛ն շնչով է խաբվելու: Ես, օրինակ, երբ շատ եմ նեղվում, գնում եմ Թբիլիսի՝ ազատության օդը շնչելու: Հիմա այդ ազատության օդից մի քիչ լինելու է Երեւանում: Լինելու է խաբկանք, բայց հոտը լինելու է: Ուղղակի շնչելու են եւ հետո էլ չեն ցանկանալու ուրիշ օդ շնչել: Եվ արդեն լինելու է անկառավարելի վիճակ: Սա իմ պատկերացումն է: Ուրիշ հարց, որ հիմա ինձ ասելու են՝ ինչո՞ւ ես համագործակցում, օրինակ, մշակույթի նոր նախարարի հետ: Ես կարծում եմ, որ մեր ամենակարեւոր խնդիրն է ունենալ իսկապես ընտրված, իսկապես ուժեղ, հետեւում ժողովրդի քվե ունեցող իշխանություն, որպեսզի կարողանա մեզ վերադարձնել այն ինքնիշխանության մասը, որը զիջվել է տարբեր ուժերի: Ունենանք այն իշխանությունը, որը կկարողանա Հայաստանը դարձնել ինքնիշխան: Բայց միեւնույն է, պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել, գոնե մի փոքր փոփոխություն անել՝ համագործակցելով կամ չհամագործակցելով, այդ փոքրիկ փոփոխություններն անել: Մեծ փոփոխությունները կայանում են փոքրիկ, ամենօրյա փոփոխություններով: Եթե կարելի է անգամ փոքր փոփոխություններով առաջ գնալ, պետք է դա իրականացնել եւ երբեք չմոռանալ, որ ամենակարեւոր նպատակն է ունենալ թափանցիկ, արդար ընտրություններով ընտրված ուժեղ իշխանություն:
—Պարոն Մարտիրոսյան, զրույցի սկզբում նշեցիք, որ երկու լավ ամիսներ եղել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, դրանք լավն էին գործարարների համար, քաղաքացու համար, բայց արդյոք տանջալի՞ էին Ձեր հիշատակած հարկային, մաքսային մարմինների համար: Արդյոք օրինական դաշտում աշխատելը ցավակցելու նման մի բան է, թե՝ «երկու ամիս դիմացի»:
-Տանջալի էին… մաքսավորներն արդեն ուզում էին աշխատանքից դուրս գալ, ասում էին՝ չենք դիմանում: Ցավոք սրտի, Հայաստանում մաքսավորը, հարկային տեսուչը, առհասարակ այդ կառույցի ծառայողները, ոստիկանը շատ ցածր աշխատավարձ են ստանում, եւ առանց կոռուպցիայի հնարավոր չէ: Ոստիկանի ինչի՞ն է պետք գնալ այդ ցածր աշխատավարձով աշխատել, որովհետեւ այդ վկայականն իրեն տալիս է բազմաթիվ դռներ բացելու հնարավորություն: Մի ծանոթ կա դատախազությունում, ասում է՝ գիտե՞ս, կոռուպցիա չկա մեզ մոտ: Միգուցե կաշառք չեն վերցնում այդ համակարգում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ կոռուպցիա չկա: Երբ որ հարցնում եմ՝ քո սանիկը լինի եւ մի օտար մարդ, ո՞ւմ ես ընդառաջ գնալու: Պատասխանը պարզ է՝ սանիկին:
Մյուս պրոբլեմը. այսօր չկա դատախազ, որը բիզնես չունենա, կամ նրա եղբայրը չունենա, տիկինը չունենա… Գիտեմ, որ հարկային տեսչությունում կան պաշտոնյաներ, որոնք ունեն փայ՝ տպագրական բիզնեսում, եւ նրանց ղեկավարած կառույցը տարբեր տպարանների գնում եւ «նեղացնում է»: Ի՞նչ իմանաս՝ մտքին մենակ «նեղացնե՞լն է», թե՞ գուցե տնտեսական շահ էլ է հետապնդում:
Սա շատ վտանգավոր բան է, երբ պետական պաշտոնյան, պետական լծակ ունեցող մարդը բիզնեսմեն է, վայն եկել մեզ տարել է: Այստեղի՛ց է ամեն ինչ սկսվում:
Օրինակ՝ մեր մաքսային բրոքերների մասին խոսեմ: Այսօր Հայաստանում մաքսային ձեւակերպումների գները սարսափելի բարձր են: Ո՞նց կարող է մաքսային բրոքերի մի ժամվա գործն արժենալ 90-120.000 դրամ: Ո՞վ է ասել, որ մաքսային ձեւակերպումն այդքան է: Երբ բրոքերների հետ խոսում ես, ասում ես՝ ինչո՞ւ է այդքան թանկ, ծածուկ, քչփչալով ասում են՝ բա սրա մի մասը պետք է տամ մաքսավորին՝ գործն անելու համար:
Սա դեռ մի կողմ, որ բրոքերն այդպես է ասում: Կան տեղեկություններ, որ շատ մաքսային բրոքերական ընկերությունների տերեր հենց մաքսայինի տարբեր պաշտոնյաներ են, աշխատակիցների մի մասն էլ: Եվ իրենք իրար հետ պայմանավորվածություններով աշխատում են: Չկան բրոքերական այնպիսի հիմնարկներ, որոնք սերտաճած չլինեն մաքսային մարմինների հետ:
Խոսեմ նաեւ մենաշնորհների դեմ պայքարի մասին: Շատերն ասում են՝ մենաշնորհների դեմ պայքարենք: Կա հաճար աճեցնող մի տղա, ով Հայաստանում լուրջ արդյունքների է հասել: Այն դեպքում, երբ Հայաստանից 1 կգ հաճար չէր արտահանվում, հիմա այս տղան միլիոնավոր դոլարների հաճար է աճեցնել տալիս գյուղացիներին, հաճարի գինը բարձրացել է, եւ Հայաստանն արդեն որպես հաճար արտադրող երկիր հայտնվել է աշխարհի քարտեզին: Այժմ այդ տղան տիրապետում է հաճարի շուկայի 96 տոկոսին: Հիմա ի՞նչ, մենք մենաշնորհների դեմ պայքարե՞նք, այս տեսակ լուսավոր մարդկանց դեմը փակե՞նք: Ե՞րբ է մենաշնորհը վտանգավոր, երբ այն ստեղծվել է պետական ատյանում մի մարդու կամ ինչ-որ մարդկանց հովանավորչությամբ: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանում օրենքը գործի եւ անօրինական ճանապարհով մոնոպոլիաներ չստեղծվեն: Կարծում եմ, որ շատ ոլորտներում պետք չէ մենաշնորհի դեմ պայքարել, այդ մենաշնորհը կարգավորում է մտցնում: Խնդիրն այն չէ, որ մենաշնորհ չլինի, այլ այն, որ չխաթարվի մրցակցությունը, որ հնարավոր լինի առանց խոչընդոտների մտնել շուկա:
—Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում, նոր վարչապետը կկարողանա՞ գործոն դառնալ, թե՞ կշարունակի լինել գործիք:
-Միգուցե նոր վարչապետը գործիք է ավելի մեծ խաղի մեջ, բայց հաստատ Սերժ Սարգսյանի ձեռքին չէ գործիք կամ միայն Սերժ Սարգսյանի գործիքը չէ: Եվ արդեն դրանով գործոն է, որ միայն Սերժ Սարգսյանով չէ պայմանավորված: Պարզ է, որ այն մարդկանց, որոնց վարչապետը վիժեցրել է գերակտիվ վիճակից, առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր անի: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ուղղակի իր ձեռքով չանել, եւ վարչապետի ձեռքով են արվել պաշտոնանկություններ: Աստված չանի, եթե այս նոր կառավարության հանդես գալը Ռուսաստանի հետ համաձայնեցված գործողությունների շարք է, ապա սա եւս մի կտոր մեր ինքնիշխանության հանձնում եմ համարում: Եթե այսօր ռուսն է ձեւավորում մեր իշխանության գոնե մի մասը, սա սարսափելի է, սա աղետ է…
—Հուսանք մենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենանք գործիքներ՝ ժողովրդի ձեռքին եւ այդպիսով՝ գործոններ պետական կառավարման համակարգում:
-Գիտեք, գործիքը վատ բան չէ, եթե ժողովրդի ձեռքում է: Չեմ կասկածում, որ այս վարչապետն իսկապես ուզում է փոփոխություններ անել, բայց քանի դեռ այդ փչացածությանը չի դիպել՝ կոռուպցիային, քանի դեռ Հայաստանում կան չինովնիկներ, ովքեր ունեն բիզնեսներ, քանի դեռ կան ուժային կառույցներ, որոնք ունեն բիզնեսներ եւ տիրապետում են ամբողջ ոլորտին, օրինակ՝ նշածս բրոքերային համակարգը, ուրեմն խնդիրները չեն լուծվի:
Նույն արագաչափերի, կարմիր գծերի հարցը. ամենախնդրահարույցն այն է, որ Սահմանադրություն է խախտվում: Կարեւոր չէ, թե փողն ուր է գնում, խնդիրն այն է, որ առանց դատարանի որոշման քաղաքացու հաշվի վրա կալանք է դրվում: Սարսափելին դա՛ է:
Ամեն ինչի հիմքին պետք է նայել, իսկ հիմքը Սահմանադրությունն է: Ես չեմ հավատա այս վարչապետին այնքան ժամանակ, քանի դեռ նա սահմանադրական խախտումները չի վերացրել:
Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի