Բեռնատարների հայ վարորդները բողոքի ցույց են անում․ՌԴ օրենսդրության խստացման հետևանքով բազմաթիվ վարորդներ հնարավոր է արտաքսվեն ու նրանց մուտքը ՌԴ արգելվի

ՌԴ օրենսդրական խստացումները ոչ վիզային երկրների քաղաքացիների մուտքի վերաբերյալ խոչընդոտներ են ստեղծել Հայաստանի բեռնափոխադրող վարորդների համար։ Այսօր նրանք կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, ներկայացնում խնդիրներն ու պահանջում կողմերը որևէ լուծում գտնեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից ՌԴ գերատեսչությունները սահմանել են օրենսդրական հերթական խստացումը՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում այնտեղ կարող են գտնվել գումարային 90 օր։ Նախկինում, տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր նրանք իրավունք ունեին նույն պայմաններով գտնվելու ՌԴ-ում։
Բողոքի ցույցի մասնակից վարորդներից Արամ Շմավոնյանը նշեց, որ պահանջում են, որպեսզի իրենք չհամարվեն աշխտանքային միգրանտներ, և օրենքը չանդրադառնա իրենց վրա, սահմանված 90 օրը իրենց բավարար չէ․«Մենք մեր աշխատանքն ենք անում, մենք միգրանտ չենք։ Մենք ոչ գնում ենք աշխատելու, ոչ հյուր ենք գնում, ոչ հանգստանալու։ Մենք մեր աշխատանքն ենք անում։ 90 օրը քիչ է։ Մոտավորապես 10 ամսում վարորդների 90 տոկոս դեպքում ժամկետը լրացել է։ Մարդիկ կան, որոնք արդեն ունեն 120, 130, կամ 140 օր։ Մենք կառավարությունից պահանջում ենք, որպեսզի ավելացնեն մեր հասանելիք օրերը, և վարորդները անխոչընդոտ գնան-գան»։
Վարորդները նշեցին, որ արդեն իրենց ծանոթների մեջ եղել են արտաքսման դեպքեր, ընդամենը երեք օրվա պատճառով հինգ տարով արգելվել է նրանց մուտքը ՌԴ։ Իրենցից շատերը ևս արդեն սպառել են իրենց հասանելիք 90 օրը, և այժմ տարակուսում են՝ իսկ եթե իրենք էլ արտաքսվեն։
«Եթե մեկի հետ եղել է, նույնն էլ մեր հետ կլինի։ Իմն էլ է անցել, 94 օր է, հիմա չգիտեմ՝ գնամ, թե չգնամ։ Միրգ եմ տանելու։ Պատկերացրեք, եթե չթողնեն անցնեմ, նորից պիտի մեքենան հասցնեմ Երևան, դատարկվի, ու ուրիշ մեքենայով նորից տեղափոխվի։ Հաշվեք, թե դա ինչ ծախս է։ Այդ ծախսերն էլ հնարավոր է մնան վարորդի վրա, չհաշված ապրանքի փողը»,-ասաց վարորդներից մեկը։
Վարորդները կառավարությունից պաանջում են ընդառաջել իրենց բազմաթիվ դիմումներին, ու միջոցներ ձեռնարկել երկարաձգելու համար իրենց մուտքի ժամկետը Ղազախստանի օրինակով, գոնե ժամանակավոր, մինչև 180 օր։
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը որ ներկա էր բողոքի ցույցին, վստահեցրեց, որ արտգործնախարարությունն ու ՆԳՆ-ն արդեն զբաղվում են խնդրով․«Որքան գիտեմ նաև ԵԱՏՄ հանձնաժողովի հետ են փորձում այս հարցը լուծել։ Ճիշտ ճանապարհ է ընտրված, հենց այս ճանապարհով էլ պետք է լուծվի, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների նկատմամբ տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել։ Այն խանգարելու է բեռնափոխադրումներ իրականացնել, և ուղիղ ազդելու է նաև մեր տնտեսության վրա»։
Բեժանյանի կարծիքով՝ օրենքի այս խստացումը չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողներին, և նրանք չպետք է դիտարկվեն այն օտարերկրացիների շարքում, ովքեր ՌԴ են մուտք գործել ոչ աշխատելու նպատակով։
Երբ վարորդներից մեկն ասաց, որ մոտ 50 վարորդի ՌԴ-ն արդեն արտաքսել է ու մուտքի արգելք կիրառել, Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ իրեն 15 դեպք է հայտնի․«Ես արդեն իմ ձեռքի տակ ունեմ 15 հոգու փաստաթղթեր, որոնց հինգ տարով մուտքի արգելք են դրել։ Այստեղ ևս օրենքի խախտում է եղել, որովհետև այն օրերի քանակը, որով իրենք հինգ տարի մուտքի արգելք են դրել, պետք է երեք տարի դնեին, որովհետև 180 օրը չեն գերազանցել»։
Անդրադառնալով Հայաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից այս խնդրին արձագանքելուն, Բեժանյանն ասաց, որ նրանք իրենց գործում որոշակի առումով դանդաղել են, ավելի արագ արձագանքի պարագայում հնարավոր էր, որ նման լայնածավալ խնդիր չառաջանար․«Դեռ օրենքի ընդունման պահից ես նախազգուշացնում էի, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո այն վերաբերվելու է նաև վարորդներին։ Հունվարի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո, ես պնդում էի, որ 90 օրը լրանալուց հետո վարորդները խնդիր են ունենալու։ Ես կարծում եմ, քանի որ սա մեր պետության կողմից ընդունված օրենքի փոփոխություն չէ, երկար ժամանակ է պետք աշխատանք տանելու համար։ Ինչ-որ աշխատանքներ արդեն տարվում են, բայց կարծում եմ, որոշակի առումով նրանք դանդաղել են։ Գուցե չեն մտածել, որ այս ծավալի խնդրի առաջ կկանգնեն, բայց, ցավոք, նման խնդիրները լուծվում են հետևանքները վերացնելու, ոչ թե կանխարգելելու տարբերակով»։
Նիկոլ Մարգարյան