Ռուսաստանում օտարերկրացիների կյանքը բարդանում է․միագրացիոն օրենսդրությունը կրկին խստացվում է, բոլորը խիստ կվերահսկվեն ու կտեղորոշվեն | Region

Ռուսաստանում օտարերկրացիների կյանքը բարդանում է․միագրացիոն օրենսդրությունը կրկին խստացվում է, բոլորը խիստ կվերահսկվեն ու կտեղորոշվեն

Հուլիս 12,2025 10:49

Ռուսաստանում աշխատանքային միգրանտների «կյանքը գնալով բարդանում է»։  ՌԴ-ն վերջին տարիներին պարբերաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունն ու միգրանտներին ներկայացվող պահանջները։ Ըստ ռուսական կողմի հիմնավորումների՝ այդ փոփոխությունների նպատակն է կարգավորել ներգաղթի հոսքը, ապահովել ազգային անվտանգությունը և աշխատաշուկայի վերահսկելի զարգացումը։

Այս տարի ՌԴ միգրացիոն ոլորտում արդեն իսկ մի քանի լուրջ օրենսդրական փոփոխություններ եղել են, ևս մի քանիսը ուժի մեջ կմտնեն տարվա երկրորդ կեսից:

ՌԴ-ում, պաշտոնական տվյալներով, 200 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ կան, նրանց մի մասը՝ անօրինական, այսինքն՝ կացության իրավունք չունեն։

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունն այն աստիճան է խստացվել, որ անգամ օրինական աշխատանքի ու կացության իրավունք ունեցողները թեթև սխալի դեպքում կարող են հայտնվել արտաքսման վտանգի առջև։

RegionsTV-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հուլիսի 1-ից ՌԴ իշխանությունների որոշմամբ անջատվել են այն բոլոր հեռախոսահամարները, որոնց օտարերկրացի բաժանորդները չեն մոտեցել իրենց բջջային օպերատորի գրասենյակ, չեն հանձնել մատնահետք, և հեռախոսահամարը չեն ամրագրել այն հեռախոսին, որում այն գտնվում է: Այս կերպ հնարավոր է դառնում վերահսկել տվյալ անձի զանգերը, ինչպես նաև կատարած գործարքները:

Ամիսներ հետո մեկ այլ խիստ պահանջ է գործելու Բեժանյանի ներկայացմամբ՝ սեպտեմբերի 1-ից Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ներդրվելու է նոր համակարգն: Համաձայն դրա՝ օտարերկրյա քաղաքացին գրանցում կկարողանա անել միայն բջջային հավելվածի միջոցով, նույն հեռախոսին կցված բջջային քարտի օգնությամբ: Սա իր հերթին հնարավոր է դարձնում տեղորոշել անձի գտնվելու վայրը: Այսպես շատ արագ կբացահայտվեն ու կպատժվեն  նաև այն դեպքերը, երբ անձը գրանցված կլինի մեկ հասցեում, սակայն կբնակվի այլ վայրում: Ընդ որում, եթե օտարերկրացին իր բնակության վայրը փոխել է երեք օրից ավելի,  այդ մասին պարտադիր  պետք է տեղեկացնի իրավապահներին:

«Նրանք այս խստացումները որակում են որպես անվտանգությունից ելնող գործողություններ: Միգրացիոն օրենսգրքի փոփոխությունները ՌԴ-ում քննարկվոմ էին դեռևս 2018-2019 թվականնեից: Covid-ով պայմանավորված աշխատանքները  դադարեցվեցին, սակայն մասնավորապես վերջին իրադարձություններից հետո կրկին գործարկվեցին դրա գրեթե բոլոր կետերը»,-ասում միգրացիոն փորձագետը։

Նա նաև հիշեցնում է  2025 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի մասին օրենքը։ Ըստ այդմ՝ եթե նախկինում արտաքսման որոշում կայացնում էր դատարանը, ապա այժմ ռուս ոստիկանը կարող է առանց դատարանի որոշման Ռուսաստանում անօրինական գտնվող կամ քրեական հանցանքի մեջ կասկածվող միգրանտին արտաքսլեու որոշում կայացնել:  Ներդրվել է օտարերկրյա միգրանտների ռեեստր, որտեղ հայտնվում են խախտում թույլ տված միգրանտների տվյալները, կամ նրանց, ում միգրացիոն հաշվառման ժամկետը լրացել է, հաջորդ հաշվառումը չի արել, պայմանագիրն է ավարտվել և այլն:  «Այս դեպքում օտարերկրյա քաղաքացին հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, և ոստիկանությունը իրավունք է ստանում անձին առնվազն կասկածի համար  48 ժամով կալանավորելու, և առանց դատարանի վճռի արտաքսելու երկրից ՝ եթե հաստատվի նրա խախտումը»,-նշում է Տաթևիկ Բեժանյանը։

Նա ներկայացրեց նաև այն բոլոր արգելքները, որոնց բախվում է անձը վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու դեպքում.«Միանգամից սառեցվում են այդ անձի բանկային հաշիվները, սահմանափակվում են նրա բոլոր գործողությունները, չի կարողանում որևէ գործարք իրականացնել՝ պետական և ոչ պետական կառույցների հետ: Եթե անձը հայտնվեց այդ ռեեստրում առանց ոստիկանի թույլտվության չի կարող լքել իր բնակության վայրը: Այսպես նրանք ծայրահեղ կերպով սահմանափակում են օտարերկրյա անձի, իրենց երկրի տարածքում գործունեություն ծավալելը»։

Հաջորդ փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից, կապված է  փաստաթղթավորման հետ: Տիկին Բեժանյանն ասում է՝ ՌԴ նախագահի հրամանագրով օտարերկրացիներին մինչև սեպտեմբերի 10-ը թույլատրված է կարգավորել իրենց ժամկետանց փաստաթղթերը, ստանալ նորը, խուսափել պատժամիջոցներից, և օրինականացնել իրենց գտնվելն այդ երկրում։

Չնայած այս ամենին, լինում են դեպքեր, երբ նույն խնդրով մարդիկ դեռևս հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, իսկ այդ մասին տեղեկանում են ոչ թե համապատասխան մարմիններից, այլ մեծամասամբ այն ժամանակ, երբ սառեցվում են իրենց բանկային հաշիվները:

«Հունիսի 1-ից սկսած խստորեն հետևում են նաև, որ անձի կնքած աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափն ու նրա բանկային քարտին փոխանցվող գումարի չափը լինեն նույնական: Հակառակ դեպքում, այս հիմքով ևս անձինք հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, որտեղ արդեն պետք է ապացուցեն իրենց գումարների ծագումը: Այլապես կստացվի, որ նրանք ունեն կեղծ պայմանագիր, քիչ հարկեր են վճարում, և ավելի մեծ չափի գումար են ստանում»,-  ասում է Բեժանյանը:

Հունիսի 30-ից ուժի մեջ է մեկ այլ օրենսդրական փոփոխություն: Այն վերաբերերում է ՌԴ մեկնելուց 72 ժամ առաջ «RU ID» համակարգում գրանցվելուն, և համապատասխան QR կոդ ստանալուն: Տվյալ ոոշումը, մեր զրուցակցի պարզաբանմամբ, պարտադիրից դարձել է կամավոր, քանի որ համակարգի գործարկումից ի վեր դրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և մարդիկ օրերով չեն կարողացել գրանցվել համակարգում: Մինչև համակարգի ամբողջական կարգավորումը, առաջիկա 1 տարին այս փոփոխությունը կգործի հենց կամավոր սկզբունքով:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ