Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկում է 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը:
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-30-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am կայքում։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով ԳԹԿ dimord.am կայքում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը հրապարակված է dimord.am կայքում:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝
- 3 × 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
