«Ներկայացվեցին ռազմական հանցագործություններ։ Դրանց մեծ մասի մասին ես առաջին անգամ եմ լսում»․Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում հանդես է եկել եզրափակիչ խոսքով
«Այստեղ ներկայացվեցին ռազմական հանցագործություններ։ Անկեղծ ասած, դրանց մեծ մասի մասին ես առաջին անգամ եմ լսում»,-ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ այսօր Բաքվի ռազմական դատարանում իր եզրափակիչ խոսքում ասել է Արայիկ Հարությունյանը։
Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավարությունը։ Նրանք հանդես են գալիս իրենց եզրափակիչ խոսքով։
«Ես բավականին լավ տեղեկացված մարդ եմ։ Բայց այստեղ եմ իմացել Քելբաջարի թունելում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ես նաև այստեղ եմ իմացել Բեյլիք Բաղիում (նույնպես Քելբաջարում-խմբ․-Apa) տեղի ունեցած միջադեպի մասին։ Սրանք, անշուշտ, ռազմական հանցագործություններ են, և դրանք ունեն իրենց կատարողները։ Եթե նրանք չպատժվեն այս աշխարհում, նրանք իրենց գործողությունների համար կպատժվեն այն աշխարհում»,-ասել է Հարությունյանը։
Նա նաև ասել է, որ համաձայն չէ պետական մեղադրանքը պաշտպանող մեղադրողների փաստարկների հետ։
Նշենք, որ Բաքվում ընթացող գերեվարված և պատանդառու հայերի դատավարություններին մուտք չունեն միջազգային լրատվամիջոցները, իրավապաշտպան կազմակերպություններն ու դիվանագետները։
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը նույնպես հանդես է եկել եզրափակիչ խոսքով ու նույնպես ասել է, որ համաձայն չէ պետական մեղադրանքը պաշտպանող մեղադրողների փաստարկների հետ։
Մանուկյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցել «անվտանգության խորհրդի նիստերին՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ. իր ծառայողական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։
Նշենք, որ ադրբեջանցի դատախազը պահանջել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման:
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին դատախազը պահանջում է դատապարտել 20 տարվա ազատազրկման:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատախազը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա, Դավիթ Ալավերդյանին 18, Լևոն Բալայանին 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին՝ 16 տարվա ազատազրկման:
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ՝ պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման, մարդկության դեմ հանցագործության և այլ ծանր հանցագործությունների մեջ:
