88 օր և նոր անձնագիր. Թիկնիզյանը բացահայտել է սերբական քաղաքացիության գաղտնիքը
Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անկեղծացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռանալու պատճառների, գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ լարված հարաբերությունների և Սերբիայի քաղաքացիություն ստանալու մասին։
Թիկնիզյանը մեկնաբանել է իր հայտնի խոսքերը («Ցավալի է, երբ պատրաստ ես մարդու համար ոսկորներդ նվիրաբերել, բայց արդյունքում դառնում ես ոչ մեկին պետք չեկող վտարյալ»)՝ նշելով, որ ամեն ինչ սկսվել է վնասվածքից հետո։
««Ուրալի» հետ գավաթային խաղից հետո Գալակտիոնովը ցանկանում էր հրաժարական տալ։ Ես զանգեցի ակումբ և ասացի, որ պետք չէ հեռացնել մարզչին, խնդիրը մեր՝ ֆուտբոլիստներիս մեջ է։ Ինձ շնորհակալություն հայտնեցին կարևոր զանգի համար, բայց երկու շաբաթ անց ԲԿՄԱ-ի հետ խաղում (3:3), երբ ես ու Ձյուբան փոխարինման դուրս եկանք և թիմը երկու գոլ բաց թողեց, մեզ դարձրին «քավության նոխազ»։
Ֆուտբոլիստի խոսքով՝ դրանից հետո մարզչական շտաբից սկսել են լուրեր հասնել, թե ինքը ձևացնում է, թե վնասվածք ունի և նպատակ ունի «հեղափոխություն» անել թիմում.
«Բժշկի միջոցով լսում էի, թե նրանք կասկածում են իմ վնասվածքի հարցում։ Ասում էին՝ իբր ես ինչ-որ պլան ունեմ գլխավոր մարզչին գահընկեց անելու համար։ Սա ծիծաղելի է և վիրավորական մի մարդու համար, ով ամեն օր իր նվիրվածությունն էր ապացուցում ծանր աշխատանքով»։
Թիկնիզյանը նաև պարզաբանել է 2025 թվականի սեպտեմբերին Սերբիայի անձնագիր ստանալու հարցը, ինչը մեծ քննարկումների առիթ էր դարձել։
«Դա ակումբի նախաձեռնությունն էր։ Ասացին, որ դա կհեշտացնի իմ տեղաշարժը Եվրոպայում և առավելություն կտա առաջնության ներսում (լեգեոներների սահմանափակման հարցում)»։
Հարցին, թե ինչպես հաջողվեց անձնագիր ստանալ ընդամենը 88 օրում, Նաիրը պատասխանել է հումորով.
«Այդպես ստացվեց, չեմ կարող բացահայտել (ծիծաղում է)»։
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը սերբական «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը։
