«Նախագահի հրամանագիրը չկա, բայց ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին»․ ԿԸՀ նախագահ
«Եթե նայենք Սահմանադրության կարգավորումներով, ըստ էության, այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-12 միջակայքն է: Այսինքն՝ այդ տասնօրյակն է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով եկող տարվա խորհրդարանական ընտրություններին:
Նա ասել է, որ դեռ նախագահի հրամանագիրը չկա ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ, բայց ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան հունիսի 7-ին․«Բոլորն ընտրությունների օրը, կարելի է ասել, արդեն «արձանագրած» ընթանում են առաջ։ Այն է՝ հունիսի 7-ը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, որովհետև իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն՝ եթե նախագահը որոշի աշխատանքային օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան: Բայց, երբ նախագահը կնշանակի, այդ ժամանակ նոր մենք կունենանք պաշտոնապես նշանակված ընտրություններ»:
Հովակիմյանը պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, ընտրություններում ԿԸՀ–ն քաղաքական կամ այլ պատճառով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի չգրանցի կամ «թվեր նկարի», ասել է․ «Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022թ հոկտեմբերի 7-ից չեմ խախտել, չեմ խախտելու, քաղաքական հայտարարություն, քաղաքական ելույթների վերաբերյալ գնահատական ես չեմ տալու։ Ես Հայաստանի ԿԸՀ նախագահ եմ ընտրվել, և այն, ինչը իմ պարտականությունն է, ես օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահ եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային»:
Նա նաև հավելել է․ «Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Քաղաքական ուժերը թող մրցեն, մեր խնդիրն է, որ ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրվի, քվեարկությունը, ընտրական պրոցեսը տեղի ունենա ազատ և գաղտնի»։
