«Ասելով չի, որ մենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Խնդիրներ կան, սա էլ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն»․Փաշինյանը Կապսի ջրամբարի շինաշխատանքների դադարեցման մասին | Region

«Ասելով չի, որ մենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Խնդիրներ կան, սա էլ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն»․Փաշինյանը Կապսի ջրամբարի շինաշխատանքների դադարեցման մասին

Դեկտեմբեր 25,2025 13:33

«Մենք Կապսի ջրամբարը կունենանք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցու հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ջրամբարի աշխատանքների դադարեցմանը։

Հիշեցնենք, որ Factor.am-ին ջրամբարի աշխատակցիներն ահազանգել էին, որ տասը օրից ավելի է՝ չեն աշխատում, գործատուն տեղեկացրել է, որ այլևս աշխատանքի չգնան։

Ջրամբարի շինաշխատանքներն իրականացնում էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը, նախատեսվում էր ջարամբարի կառուցապատումն ավարտել 2026-ի ապրիլին։

Ջրամբարի մասին լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․«Տվյալ դեպքում մրցութային ընթակարգերն իրականացվել են միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով ու նրանց կողմից։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում։ Չկա այնպիսի բան, որ կառավարությունը պիտի աներ ծրագիրը հաջողությամբ ընթանալու համար ու չի արել»։

Փաշինյանն ասաց, որ կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, նրա հետ պայմանագիրը խզվել է։ Հիմա կառավարությունը նոր կառուցապատող է փնտրելու։

«Մեր խոստումը կկատրավի, կունենանք Կապսի ջրամբար, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը։ Սա էլ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք պետք է կառավարենք»,-ասաց Փաշինյանը։

Ապա նա նշեց, որ սխալների վրա պետք է սովորել ու սովորում են․«Ասելով չի, որ մենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Խնդիրներ կան, որ պետք է սովորենք, թե ինչպես լուծենք, սխալներով, բացթողումներով ենք սովորում ու պիտի սովորենք, որ ջրամբար կառուցելը դարձնենք սովորական բան»։

Ջրամբարի աշխատանքների դադարեցման մասին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից RegionsTV-ին փոխանցել են՝ որ կապալառու ընկերության հետ պայմանագրի լուծարման գործընթացը սկսվել է նախարարության նախաձեռնությամբ, քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրով նախատեսված  ժամկետները․«Աշխատանքները ժամանակացույցի համաձայն չեն կատարվել։  Այս պահի դությամբ մենք ունենք շատ ցածր արդյունք։ Մինչ օրս կատարվել է շինարարական աշխատանքների ընդամենը 14․5 տոկոսը։ Հենց այս ամենն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի նախարարությունը սկսի պայմանագրի դադարեցման գործընթաց։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ, որի արդյունքում կընտրվի նոր կապլառու ընկերություն»։

Արդյոք կապալառուն տուգանվել է խախտումների համար, նախարարությունից մեր այս հարցին չպատասխանեցին։

Հիշեցնենք՝ Կապսի ջրամբարը կառուցելու համար գերմանական KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը, բացի այդ ՀՀ կառավարությունն էլ 26.7 մլն եվրո է հատկացրել։ Ծրագրով սահմանվել է, որ առաջին փուլում ջրամբարը 25 մլն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլում այն պետք է հասնի 60 մլն խորանարդ մետրի:

Նորություններ