Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերի համար բնակապահովման նոր ծրագիր․ գործադիրը հաստատեց որոշումը | Region

Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերի համար բնակապահովման նոր ծրագիր․ գործադիրը հաստատեց որոշումը

Դեկտեմբեր 25,2025 16:30

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվել է ծրագիր, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կացարանային աջակցություն կտրամադրվի։

Կառավարությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին՝ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին

1) որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ

2)  որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ

3)  որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ: Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ ըստ էության կհանդիսանան ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Ղարաբաղից  տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունները տրամադրելու շարունակականությունը:

Նորություններ