Երկարաձգվել են արտադրողականության խթանման, այգեհիմնման, սպանդանոցների ծրագրերի գործողության ժամկետները | Region

Երկարաձգվել են արտադրողականության խթանման, այգեհիմնման, սպանդանոցների ծրագրերի գործողության ժամկետները

Դեկտեմբեր 25,2025 17:27

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շարունակական և արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործառութային և վարչարարական կարգավորումների հստակեցմամբ։ Կառավարությունից տեղեկացնում են, որ  2020 թ․-ից  մեկնարկած ծրագիրը դարձել է տնտեսավարողների կողմից լայնորեն կիրառվող ֆինանսական գործիք։ 2025 թ․ երրորդ եռամսյակի դրությամբ  ձևավորվել է շուրջ 430 մլրդ դրամի վարկային/լիզինգային պորտֆել, որից 70 %-ը լիզինգ է, իսկ 30 %-ը՝ վարկ։ Որոշմամբ առաջարկվում է լրացում, որով սահմանվում է սուբսիդավորման հայտերի ներկայացման հստակ ժամկետը և ձևաչափը՝ նպատակ ունենալով ապահովել սուբսիդավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը, տվյալների ժամանակին ներկայացումը և վարչարարական ռիսկերի նվազեցումը։ Կսահմանվեն սուբսիդավորման չափերը՝ ըստ վարկի կամ լիզինգի արժույթի (ՀՀ դրամ կամ արտարժույթ) և նպատակի, ինչը միտված է սուբսիդավորման համակարգի միատեսակ և կանխատեսելի կիրառմանը։ Որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ապահովելու ծրագրի շարունակական իրականացումը և ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը։ Կարգավորման արդյունքում կբարելավվի ֆինանսական միջավայրի մրցակցային դինամիկան, կբարձրանա վարկային ռեսուրսների հասանելիությունը, կապահովվի սուբսիդավորման գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կերկարաձգվի ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ․ ներառյալ, և հնարավորություն տալ գյուղացիական տնտեսավարողներին պետական աջակցությամբ հիմնել նոր ինտենսիվ այգիներ, ներդնել առաջադիմական ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր, ինչպես նաև կառուցել ջրավազաններ։ Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում 2025 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է շուրջ 8217 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 4000 հա ինտենսիվ այգի: Կարգավորման նպատակն է խթանել բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, այգեհիմնման դեպքում նվազեցնել աջակցության չափը ու հստակեցնել ծրագրով սահմանված որոշ դրույթներ։ Մասնավորապես, տնկիների կպչողականության, լարասյունային և կարկտապաշտպան համակարգերի, կաթիլային ոռոգման խողովակների (այգեհիմնման դեպքում), նռան, թզենու և պիստակենու տնկիների տնկանյութի նկատմամբ պահանջները, ընկուզենու և նռնենու տնկիների քանակը և վարկի վաղաժամկետ մարման դեպքերը։ Հաշվի առնելով այն, որ ծրագրի այգեհիմնման բաղադրիչով կառավարության թիրախային ցուցանիշները ապահովվել են, նախագծով առաջարկվում է այգեհիմնման դեպքում նվազեցնել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման չափը  2 տոկոսային կետով՝ 9-ը (արտարժույթի դեպքում՝ 5)՝ տոկոսային կետի փոխարեն սահմանելով 7 (արտարժույթի դեպքում՝ 3) տոկոսային կետ, իսկ ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար՝ սուբսիդավորման չափը սահմանել 10 (արտարժույթի դեպքում՝ 6) տոկոսային կետ, գյուղատնտեսությունում տնտեսավարող 18-ից 35 տարեկանը չլրացած երիտասարդների և 63 տարեկանը լրացած անձանց համար՝ 8 (արտարժույթի դեպքում՝ 4) տոկոսային կետ՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետի փոխարեն։ Որոշմամբ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար գյուղատնտեսությունում տնտեսավարող 18- ից 35 տարեկանը չլրացած երիտասարդների և 63 տարեկանը լրացած անձանց համար սուբսիդավորման տոկոսադրույքները սահմանվել են  մեկ տոկոսով ավելի՝ ոչ արտոնյալ խմբերի նկատմամբ։ 63 տարեկանը լրացած անձանց համար արտոնության սահմանումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում պետական քաղաքականության տեսլականն է՝ ապահովել բնակչության հավասարակշռված ու կայուն կառուցվածքը, նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Սահմանվում է նաև, որ այգեհիմնումից հետո պայմանագրի գործողության ընթացքում այգիներում պետք է ապահովվի տնկիների առնվազն 75 % կպչողականություն, և եթե այգեհիմնումից հետո իրականացվող առաջին մոնիթորինգի ժամանակ տնկիների կպչողականությունը կազմել է 50-75%, ապա նախարարության կողմից շահառուին 1 անգամ կտրամադրվի մինչև 8 ամիս ժամկետ՝ այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակն այգում ապահովելու համար՝ առնվազն 75 % կպչողականությամբ։ Նշված ցուցանիշները չապահովելու, ինչպես նաև տրամադրված ժամկետում այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակն՝ առնվազն 75 % կպչողականությամբ չապահովելու դեպքերը կդիտարկվեն որպես ծրագրի պայմանների խախտում և մոնիթորինգի բացասական եզրակացության հիմք։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի պայմանները բարելավելու, ինչպես նաև արտոնյալ պայմաններով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու  անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, ըստ որոնց՝ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգները կտրամադրվեն մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով։ ՀՀ մարզպետների կողմից տրամադրված սպանդանոցային ծառայությունների տրամադրման կարիք ունեցող բնակավայրերում շահագործելու նպատակով արտոնյալ պայմաններով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետը երկարաձգվում են մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը։ Հանվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող շահառուից բեռնափոխադրման գնային առաջարկ ներկայացնելու պահանջը, հաշվի առնելով, որ ներմուծողը ֆինանսական կառույցն է։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների տրամադրումը։ Որոշմամբ 2024 և 2025 թթ․ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումն 686.6 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը միջոցառումների չծախսված միջոցների հաշվին։

Նորություններ