Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը | Region

Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը

Դեկտեմբեր 29,2025 17:02

Բաքուն շարունակում է ծավալապաշտական քաղաքականությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այսօր Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպես կոչված այդ հանրագիտարանը կազմել է Բաքվում գործող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնը։

|Այս նախագծի շրջանակներում ստեղծվել է կայք, որը բաղկացած է ութ հիմնական բաժիններից, 34 թեմաներից և 55 բովանդակության աղյուսակներից: Հարթակը ներառում է «Արևմտյան Ադրբեջանի» բնական և աշխարհագրական պայմանները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, պատմական աշխարհագրությունը, հնագիտությունը, ազգագրությունը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմության հարցեր»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օրերս էլ Հետքը  գրել էր, որ «Արևմտյան «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն անմիջապես ֆինանսավորվում է Ալիեւի աշխատակազմից։ Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիեւի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:

«Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքը: Քարոզչական նպատակներով ստեղծված «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքում, ինչպես գրում է Հետքը,  նշվում է, թե «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը 1989-ից գործունեություն ծավալող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միավորման իրավահաջորդն է, որն անվանափոխվել է 2022-ի օգոստոսին, ինչպես նաեւ ընդունվել է կազմակերպության նոր կանոնադրությունը:

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, չկա և չի կարող լինել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ «վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»: Փաշինյանն ասել է․«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր: … Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ»։

Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն, շարունակում է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեման ու այն կարծես թե «տաք» է  պահում։

Նորություններ