Արցախի վանքերն ու բերդերը գույքագրվել են. Genesis Armenia-ն հրատարակել է բացառիկ քարտեզներ
Արցախի վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը գույքագրված են․ բացառիկ քարտեզները կազմել ու տպագրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, որի 5-ամյակին էլ տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը։
«Նախագիծը գիտականորեն հիմնավորված և իրավաքաղաքական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որը միտված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու փաստագրմանը՝ ապացույցներ թողնելով գալիք սերունդների համար»,- միջոցառմանը նշեց քարտեզների բովանդակության հեղինակ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։
Genesis Armenia-ի հինգերորդ տարեդարձին ներկայացվեց կառույցի անցած ճանապարհն առանցքային ոլորտներում՝ անվտանագություն, քաղաքականություն, տնտեսություն ու մշակույթ։
«Genesis Armenia-ն ստեղծվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որպես հետևանք հայ ժողովրդի ու ՀՀ-ի դեմ պատերազմում պարտադրված պարտության: Կառույցն սկսեց համախմբել ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը և ծառայեցնել հայ ժողովրդի ազգային-պետական շահին։ Այսօր էլ մենք անշեղորեն գնում ենք մեր ռազմավարական ճանապարհով՝ հետևում թողնելով հարյուրավոր հոդվածներ, տասնյակ հետազոտություններ, 5 տասնյակից ավելի ծրագրեր, ազգային քաղաքական օրակարգում անվրեպ խոսք ու գործ, քաղաքացիական խիզախ կեցվածք ու ներկայություն հայաստանյան ու համահայկական ազգային օրակարգերում»,- նշեց կառույցի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձով, որն ուղարկել էր կալանավայրից։
«Սուրբգրային տրամաբանությամբ՝ Genesis-ը՝ ծննդոցը, խորհրդանշում է ծնունդը, որին հաջորդում է երիցը՝ գերությունից ազատագրումը։ Հանգամանքներով պայմանավորված՝ այսօր չեմ կարող ներկա լինել այս ընտանիքի տարեդարձին։ Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով պատիվ բերող, ուժեղ Հայաստան։ Միասին ուխտել ենք չմոռանալ՝ հանուն Հայաստանի, չներել՝ հանուն Արցախի»,- Սրբազանի նամակն ընթերցեց նրա քույրը՝ Արփինե Զարգարյանը։
