«Հայրենիք» կուսակցության անդամները ձերբակալվել են Վաղարշապատ համայնքի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով․ հակակոռուպցիոն կոմիտե | Region

«Հայրենիք» կուսակցության անդամները ձերբակալվել են Վաղարշապատ համայնքի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով․ հակակոռուպցիոն կոմիտե

Դեկտեմբեր 30,2025 12:29

Վաղարշապատ համայնքի ընտրություններում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության երկու անդամներ՝ Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանը։

Այս ձերբակալությունների մասին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»։

Երեկ կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը  գրառում էր կատարել, նշելով․« Այլևս ոչ մի հարց չի ծագում,թե ինչու հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել: Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար,առաքինի ու բացառիկ տեսակ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է: Նիկոլը նրան տանում է կալանքի: Ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված` Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի»։

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս ձերբակալությունների  մասին գրել է․ «Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է:

Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտեմ. քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է:

Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված է մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:

Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են»:

 

Նորություններ