Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվն արդեն անցել է 2,500-ը, Թրամփը կրկին սպառնում է Իրանի իշխանություններին, աջակցություն հայտնում ցուցարարներին
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվն արդեն անցել է 2,500-ը (ներառյալ ավելի քան 2,400 ցուցարար)։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով HRANA իրավապաշտպան կազմակերպությանը։
Կա լուրջ մտահոգություն ցուցարար Էրֆան Սոլթանիի մոտալուտ մահապատժի վերաբերյալ, ինչը կարող է դառնալ այս շարժման հետ կապված առաջին պաշտոնական մահապատիժը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ժամերին էլ ավելի է խստացրել հռետորաբանությունը։ Նա իր Truth Social հարթակում գրել է, որ Իրանի իշխանությունները «մեծ գին կվճարեն» սպանությունների համար և կոչ էր արել մարդկանց «շարունակել բողոքի ակցիաները»։
«Օգնությունը ճանապարհին է» (Help is on the way) ուղերձով իրանցի ցուցարարներին է դիմել ԱՄՆ նախագահը։ Նա հայտնել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, «մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեցվեն»՝ օգտագործելով ԱՄՆ-ում գործող իրանական ընդդիմության կարգախոսի՝ «Կրկին Իրանը դարձնենք հզոր» հապավումը
Թրամփը նախազգուշացրել է Թեհրանին՝ «շատ ուժեղ գործողությունների» մասին, եթե Իրանը սկսի ցուցարարների մահապատիժները կամ շարունակի արյունահեղությունը փողոցներում։
Iran International-ի տվյալներով՝ հանրապետական սենատորները ճնշում են գործադրում Սպիտակ տան վրա՝ ռազմական միջամտության տարբերակները դիտարկելու համար (Iran International):
Իրանցի պաշտոնյաները պնդում են, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։
Al Jazeera-ն հաղորդում է, որ Գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ նրանք, ովքեր «գլխատել կամ փողոցներում այրել են մարդկանց», պետք է «հնարավորինս շուտ դատվեն և պատժվեն»։ Մոհսենի-Էջեին ասել է, որ Իրանի կառավարության դեմ «թշնամուն» օգնողների նկատմամբ որևէ մեղմացում չի լինի։
Թեհրանը պաշտոնապես մեղադրում է Վաշինգտոնին երկրի ներքին գործերին միջամտելու և «խռովություններ հրահրելու» մեջ։
Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունները ուղղակի սպառնալիք են Իրանի ինքնիշխանությանը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ թեև իրավիճակը վերահսկողության տակ է, Իրանը «պատրաստ է պատերազմի», եթե ԱՄՆ-ն որոշի միջամտել:
Amnesty International-ը նշում է՝ համացանցի շրջափակումը շարունակվում է, ինչը դժվարացնում է իրական ժամանակում տեղեկատվության ստացումը, սակայն ցույցերը տարբեր քաղաքներում (հատկապես Զահեդանում և Թեհրանում) շարունակվում են։
Ըստ Institute for the Study of War (ISW)-ի, Իրանի իշխանությունները կարող են ներգրավել իրաքյան իրանամետ խմբավորումներին՝ բողոքի ցույցերը ճնշելու համար, քանի որ սեփական անվտանգության ուժերը ծանրաբեռնված են։
Իրանում 2026 թվականի դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի հիմնական պատճառը Իրանի ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն ու գնաճն է։ Իրանում սննդամթերքի գները նախորդ տարվա համեմատ աճել են միջինը 72%-ով, ինչը բնակչությանը դուրս է բերել փողոց: Ցույցերը սկսվել են Թեհրանի Մեծ բազարից և արագորեն տարածվել ողջ երկրով մեկ։
Հայ փորձագետները մտահոգություն են հայտնում, որ Իրանում ներքին բախումների սրումը և հնարավոր արտաքին ռազմական միջամտությունը կարող են ուղղակի սպառնալիք դառնալ Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգության համար, քանի որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն այլընտրանքային ուղի է։
