Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ
Բաքվում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն այսօր` հուլիսի 28-ին դուրս են եկել մրցահարթակ։ Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել մեր 5 ըմբիշները։
Մրցաշարում հիանալի ելույթներ է ունենում Մ-17 տարիքային խմբի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ջանես Նազարյանը (71 կգ)։ Հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում 8:0 հաշվով վստահորեն հաղթեց նորվեգացի Մարտին Լետվիկին, իսկ 1/8 եզրափակիչում ոչ մի շանս չտվեց թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկին՝ հաղթելով 9:0 հաշվով։ Նազարյանը նույն վստահությամբ գործեց նաև քառորդ եզրափակիչում՝ առաջին իսկ մրցափուլում 9:0 հաշվով ջախջախելով հունգարացի Էրվին Ցուցորին։ Այսպիսով, Նազարյանը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր և այսօր երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։
Գևորգ Հարությունյանը (51 կգ) նույնպես հաջող էր մեկնարկել՝ ժամանակից շուտ հաղթելով հունգարացի մրցակցին և դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Սակայն կիսաեզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց ադրբեջանցու հետ ու պարտություն կրեց խիստ կասկածելի և անորոշ մրցավարության պայմաններում։
Ցավոք, այսօր պայքարը սկսած մեր մյուս երեք ըմբիշներն անհաջողության մատնվեցին հենց մեկնարկային գոտեմարտերում։ Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Վարդանյանը (45 կգ) 1:4 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայլեն Բիզեր Ուաքսին, իսկ Արտուշ Պետրոսյանը (60 կգ) 4:12 հաշվով պարտվեց մեկ այլ ամերիկացու՝ Կուպեր Հենեն Մեթյուսին։ Մ-17 Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ալեքսան Շալջյանն (92 կգ) էլ պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:3 հաշվով զիջեց թուրք Յուսուֆ Յասեր Ակսուին:
Հավելենք, որ այսօր երեկոյան կայանալիք մրցահերթում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալների համար գորգ դուրս կգան Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ):
Նորություններ
