Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետի մեղադրանքներին | Region

Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետի մեղադրանքներին

Հուլիս 30,2026 17:32

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Դրմեյանը սոցիալական ցանցում գրել է․«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։

Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսում Փաշինյանը Դրմեյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, թե «կառավարությունում տրոյական ձի է գործել» ու իրավապահներին կոչ արել ստուգել Լիպարիտ Դրմեյանի հաշիվներն ու ունեցվածքը: Հիշո՞ւմ եք ինչ խոսակցությունն էին գնում, թե բա ՀԷՑ-ի նախկին սեփականատերը, կալուգացին արբրիտաժում հաղթել է։

Պարզվեց, որ էս շենքում իրանք մարդ ունեին։ Էդ մարդուն երբ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում․․․ Իր գրության հիմա վրա աղմուկ էր բարձրացրել։ Հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում։ Որևէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա է, թե՞ կոռուպցիա չէ»։

Ըստ վարչապետի, Դրմեյանը տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական դաշտ, կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող գրություններ է գրել․«Ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել։ Պատահակա՞ն է, որ եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում է հայտնվել, հետո պարզվեց, որ էդ պոչն ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում»։ 2025-ի հուլիսին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, որ «Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»։

Ապա վարչապետը հայտարարել էր՝ կառավարության անունից ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի համարող պաշտոնյաները պետք է ազատման դիմում գրեն։ Կարճ ժամանակ անց՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին պաշտոնից վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանը ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Լիպարիտ Դրմեյանը 2026-ի հունիսի 7-ին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։

Նորություններ