Ռուբեն Վարդանյանի բարեգործական ծրագրերը Բաքվի դատարանը որակել է որպես հանցավոր գործունեություն․ փաստաբան | Region

Ռուբեն Վարդանյանի բարեգործական ծրագրերը Բաքվի դատարանը որակել է որպես հանցավոր գործունեություն․ փաստաբան

Սեպտեմբեր 04,2026 14:12

Ադրբեջանի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսումհայտարարեց ՄԻԵԴ ում  հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունը և դատավճիռը հրապարակվել է։ Նրա խոսքով՝ մյուս 15 գերիների մասով հասանելի է դատապարտված հոդվածների վերաբերյալ տեղեկատվություն և պատժի վերաբերյալ, այն ամբողջական տեքստ չէ․«Ես, որպես նրանց փաստաբան, եվրոպական դատարանում իրավական ներկայացուցիչ, զրկված եմ այդ դատական ակտին ծանոթանալու, հիմքերը ուսումնասիրելու հնարավորությունից և համանման վիճակում են գտնվում նաև ընտանիքի անդամները, և ինչու ոչ, Ադրբեջանի հանրային պաշտպանները»:

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը, ըստ Սահակյանի, ցույց է տվել, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմակի, բազմաթիվ, աննախադեպ խախտումներ:

«Ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ և իհարկե մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ, Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար և գործը քննվելու է դատարանի կողմից: Կարծում ենք, որ այս դատավճիռը նաև «էտալոնային է», որտեղ ոչ միայն խախտված են իրավական նորմերը, բարոյական նորմերը, այլ նաև մարդկային ողջամտության և բանականության սահմանները: Այնտեղ տեղ գտած փաստերը և այսպես կոչված ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում»,-ասաց Սահակյանը:

Նա մի քանի օրինակ ներկայացրեց՝  Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ հա արարքներ, մեղադրանքներ՝ ագրեսիա և նաև մարդկային ավերվածություններ, զոհեր պատճառելը։

«Օրինակ նշվում է, որ 2021 թվ թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել և այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին։ Նշեմ, որ Ռուբեն Վարդանյանը Արցախում պետնախարարի պաշտոն է ստանձնել 2022 թվականի նոյեմբերի 4-ին, ու որևէ մասնակցություն, ներկայություն չի ունեցել նշված գործողություններին։ Ավելին, թե՛ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և թե՛ Արցախի բանակի հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել, որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավվածություն չի ունեցել։ Չնայած սրան, այդ դրվագը համարվել է հաստատված, հաստատող ապացույցը տուժածի վկայությունն է։ Նշեմ որևէ 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմանային զարգացումների այդ գործողությունների վերաբերյալ կան միջազգային դիրքորոշումներ, ուսումնասիրություններ և որևէ տեղ նաև արձանագրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կամ որևէ հայկական զինված ուժեր  նախահարձակ են եղել և թշնամական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի նկատմամբ»,-նկատեց Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝  Ռուբեն Վարդանյանի  բարեգործական ծրագրեր է իրականացրել, ու որոշ դրվագներ ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն․«Վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ։ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, ու այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն: Հատուկ դրվագներ կան, որոնք առնչվում են հենց Ավրորա մարդասիրական նախաձեռնությանը: Այս նախաձեռնությունը ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն և նախաձեռնության շրջանակներում դափնեկիրները ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»:

Սահակյանը նշեց,  որ «Ավրորայի» դափնեկիրներ են եղել օտարերկրյա հայտնի հանրային գործիչներ, իրավապաշտպաններ․«Օրինակ՝ Իրաքի քաղաքացի հանդիսացող և նրանից մրցանակը ստանալը, նաև՝ գումարային տեսքով ֆինանսավորումը, որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում»։

Փաստաբանի խոսքով՝ Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր բոլոր ստորաբաժանումներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված ռազմականացված խմբավորում, զինված խմբավորում և ցանկացած առնչություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որակվել է որպես մասնակցություն «հանցավոր կազմակերպությանը»․«Եվ իբր այդ կազմակերպության շրջանակներում պատճառված մարդասիրական  հետևանքները անմիջականորեն վերագրել են կազմակերպությանը անդամակցող անձանց ։ Ադրբեջանական կողմը մեզ անհայտ մեթոդաբանությամբ նաև զոհերի հաշվարկ է իրականացրել և ըստ նրանց՝ արցախյան հակամարտության շրջանակներում սպանվել է 18000-ից ավել բնակիչ։ Նշված է՝ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականին անդամակցել է այդ «հանցավոր կազմակերպությանը» պաշտոն զբաղեցնելու տեսքով, ուրեմն բոլոր մարդկային կյանքերի պատասխանատուն հենց Ռուբեն Վարդանյանն է։ Այսինքն հակամարտության շրջանակներում ինչ մարդկային զոհեր եղել են, անհետ կորածների ինչպիսի դրվագներ կան, դրա անհատական պատասխանատվությունը պետք է կրի հենց Ռուբեն Վարդանյանը։ Բայց նշեմ, որ ինքնին պաշտոն ստանձնելը նաև գնահատվել է որպես իշխանության բռնազավթում»:

 

 

Նորություններ