«Համերաշխություն անունով դաշինք է ձևավորվելու»․ Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի՝ ընտրություններում համագործակցության մասին | Region

«Համերաշխություն անունով դաշինք է ձևավորվելու»․ Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի՝ ընտրություններում համագործակցության մասին

Սեպտեմբեր 11,2026 13:57

«Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք է ձևավորելու»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուին՝ գործող համայանքպետ, ՔՊ-ին քննադատած Առուշ Առուշանյանին։

Հիշեցնենք, որ Առուշանյանը, 2021-ին կալանավորվել էր, քրեական գործեր էին հարուցվել, մի դրվագով դատարանը մեղավոր էր ճանաչել, որոշել զրկել համայնքի ղեկավարի պաշտոնից հինգ տարով։ Հետո պայմանական ազատազրկման որոշում էր եղել:

44-օրյա պ ատերազմից հետո Առուշանյանը Փաշինյանի սուր քննադատներից էր, իշխանությանը մեղադրում էր Արցախը հանձնելու մեջ։ Ինչպե՞ս ստացվեց, որ նա հիմա ՔՊ-ի թեկնածուն է լինելու։ Անդրադառնալով այս խնդիրներին, Փաշինյանն ասաց․« 2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել Առուշ Առուշանյանի օգտի, այդ ժամանակ նշած բոլոր այդ փաստերը հայտնի են եղել: Ես ճիշտ է չեմ հիշում, թե այդ ժամանակ պարոն Առուշանյանը որ կուսակցությունով էր հանդես գալիս։ Մենք այդ որոշումները կայացրել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ սա այն դեպքն է, երբ որ ինչ-որ առումով նաև ժողովրդի և գորեսցիների պարտադրանքին ենք ենթարկվել: Այս ընտրություններում էլ Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Եվ մենք այդ ազդակները անընդհատ նաև Գորիսից ենք ստանում, որ ինչու եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում: Եվ մենք նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, որ մենք սևերի ու սպիտակների ենք բաժանում և այլն, մենք մի շարք համայնքներում այո գնալու ենք այդպիսի որոշման՝ Համերաշխություն անունով դաշինք է ձևավորվելու, որտեղ, որ այդ հնարավորությունները կան»,-ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ՔՊ-ն Գորիսում ընտրությունների համատեքստում կրկնակի լարվածություններ չառաջացնելու տրամաբանությամբ է գործելու․«Այս որոշման հեղինակը գորիսեցիներն են՝ իրենց քվեարկություններով։ Մեր հետազոտություններն էլ են ցույց տալիս, որ մենք էլի նույն իրավիճակը, մեծ հավանականությամբ, կարող ենք ունենալ, երբ որ համապետական ընտրություններում քվեարկում է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, ՏԻՄ ընտրություններում՝ 180% հակառակը։

Եվ էս փաստը ինքնին լարում ա առաջացնում և մենք որոշել ենք գնալ համերաշխության ճանապարհով, ոչ թե ՔՊ-ի կամ Առուշ Առուշանյանի սիրույն, այլ Գորիսի քաղաքացիների սիրուն՝ ցույց տալով, որ մենք նաև լսում ենք իրենց ձայնը՝ ինչքան էլ դժվար լինի։ Մեզ համար էլ է դժվար, համոզված եմ, պարոն Առուշանյանի համար էլ է դժվար։ Այլ համայնքներում էլ են այդպիսի դրսևորումներ լինելու, առաջիկայում կտեսնեք»։ Փաշինյանն ասաց, որ Գորիսում կառավարությունը և համայնքը շատ արդյունավետ են համագործակցել․« Գորիսը այսօր կառավարություն-համայնք համագործակցության հաջողության պատմություններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում»: Վարչապետը նշեց, որ Գորիս համայնքի խոշորացումն ավելի է ընդլայնվելու, Տեղ և Տաթև արդեն իսկ խոշորացված համայնքներն են ներառվելու Գորիս համայնքի մեջ։

Նորություններ