Գրոնոն Երևանում է․արդյո՞ք քննարկվել է Արցախ այցից հետո արած նրա աղմկահարույց հայտարարությունը | Region

Գրոնոն Երևանում է․արդյո՞ք քննարկվել է Արցախ այցից հետո արած նրա աղմկահարույց հայտարարությունը

Սեպտեմբեր 14,2026 17:56

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

«Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին։ Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը»,-հայտնում են նախարարությունից:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ հաջորդիվ «Մատենադարանում» ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Պաշտոնական այս հաղորդագրությունում չկա որևէ խոսք՝ արդյոք Կոստանյանը Գրոնոյի հետ քննարկել է վերջինիս հայտարարությունն Արցախ այցից հետո և արդյոք քննարկվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ Բաքվի ապատեղեկատվությունն ու պատմության կեղծումը։
Հիշեցնենք, որ Գրոնոն սեպտեմբերի 11-12-ին օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Արցախ, նրանց նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը  Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ էր տարածել  ու հայտարարել, թե  Գանձասարն ու Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Ընդ որում, նա վանական այս համալիրներն անվանել էր «Գյանջասար» և «Խուդավենգ»։

Այցից հետո Գրոնոն  X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Նա նաև հավելել է, որ «Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար»։

 

 

 

Նորություններ