Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կրկնապատկվում են․գորածդիրը հաստատեց նախագիծը | Region

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կրկնապատկվում են․գորածդիրը հաստատեց նախագիծը

Սեպտեմբեր 17,2026 12:36

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ՝ գորածադիրը հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխությունների մասին նախագծին, որով նախատեսվում է վերանայել հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։

Նոր համակարգում վարձատրությունը հաշվարկվելու է աշխատողի կատարողականի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ՝  լավ և ավելի լավ, այդ աշխատակիցների աշխատավարձը կկազմի  450-500 հազար դրամ։

Փոխվարչապետի ներկայացմամբ՝ բաժնի պետերը, որոնց ամսական աշխատավարձը գործող համակարգով կազմում է մինչև 400 հազար դրամ, այս նոր կարգավորումներից հետո հնարավորություն ունեն իրենց լրավճարների հետ միասին ստանալ մինչև 740 հազար դրամ։ Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա 520-550 հազար դրամի դիմաց ստանալ մինչև 800-900 հազար դրամ։

Խաչատրյանի խոսքով՝ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը այսօր կազմում է 250-350 հազար դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նոր համակարգը պետք է պետական ծառայողների վարձատրության չափը կապի ոչ միայն պաշտոնի պատասխանատվության և կոմպետենցիաների, այլև արձանագրված արդյունքների հետ։

Ըստ նախագծի՝ կատարողականի գնահատման համար նախատեսվում են քանակապես չափելի և ստուգելի ցուցիչներ, իսկ մարմինների համար՝ ռազմավարական նպատակներ և թիրախային ցուցանիշներ։

Նախագիծը, ինչպես ասաց փոխվարչապետը, վերաբերում է պետական ծառայության տասնյակ հազարավոր աշխատողների, այն չի վերաբերում այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգը։ Այդ բացառությունների թվում են  մի շարք ուժային կառույցներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր համակարգում լրավճարները պետք է հստակ տարանջատվեն հիմնական աշխատավարձից և պայմանավորվեն աշխատանքի արդյունքներով․«Այս բարեփոխումը չանել նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և Հայաստանի Հանրապետությունում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։

Բացի այս, նախագծով առաջարկվում է փոխել իրավապահ համակարգի մի շարք պաշտոնների համար կենսաթոշակի իրավունքի տրամաբանությունը։ Առաջարկվում է 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակ ստանալու գործող հնարավորության այլընտրանք՝ երկարամյա ծառայությունը խրախուսող կարգավորում, այդ թվում՝ 60 տարեկանի նվազագույն շեմ սահմանելով մի շարք պաշտոնների համար։

 

Նորություններ