Վարդաձորում 2-րդ դասարանցուն հարվածած ուսուցչուհին կզրկվի մանկավարժական գործունեության իրավունքից
ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նախարարությունից վստահեցնում են, որ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի օրը Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի դպրոցի դասվարը հարվածել է 2-րդ դասարանի աշակերտին։ Այս մասին Shamshyan.com-ին պտմել են աղջնակի հարազատները։ Երեխայի մորաքույրը փոխանցել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։
«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմել է երեխայի մորաքույրը։
Նաև տեսանյութ կա, որտեղ երևում է, թե ինչպես է դասվարը հարվածում երեխային։
