Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան | Region

Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Հոկտեմբեր 02,2026 13:47

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ երեկ երեկոյան ՀՀ Դատախազությունը տեղեկացրել էր, որ «2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով”։ Այսօր ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Սյունիքի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը երեկ ցերեկը կրակել էր գյուղի բնակիչներից մեկի՝ 39-ամյա կնոջ ոտքին: Միջադեպը տեղի էր ունեցել կնոջ անչափահաս երեք երեխաների ներկայությամբ: Նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել:

Նորություններ