Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին․ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում | Region

Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին․ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում

Հոկտեմբեր 01,2026 21:32

Շաքի գյուղ  մտած ադրբեջանցի զինծառայողը Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևն է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել, որ «ադրբեջանական բանակի զինծառայողի՝ Լաչինի ուղղությամբ անհետանալու փաստով քրեական գործ է հարուցվել»։

Ադրբեջանի դատախազության հայտարարությունում նշվում է, որ «որոշ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին: Հայտնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, ծառայության վայրում Նասիմի Մուսաևի բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով, մեկնարկել են որոնողական աշխատանքներ»։

Ըստ նույն աղբյուրի՝ «․․․հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել Նասիմի Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ թողնելու վերաբերյալ»։

Ապա նույն գերատեսչությունը նշել է, որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի իրավապահ մարմինների կողմից»։

«Այս պահին Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի պատկան մարմինների հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Նասիմի Մուսաևի գտնվելու, նրան ձերբակալելու, ինչպես նաև միջադեպի այլ հանգամանքները պարզաբանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն այսօր տեղեկություն է տարածել, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։  Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

««Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը»,-հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

 

Նորություններ