«Մոդուլային ատոմակայանը, մեծ հավանականությամբ, մեզ չի հերիքելու»․Փաշինյան
Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ նախատեսվող մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել առկա կարիքներին:
Փաշինյանի խոսքով՝ 1 տարի 4 ամիս առաջ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր էներգիան որտեղ սպառեինք․«1 տարի անց Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն: Այն, որ ստեղծվել է երկու ԱԲ գործարան, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ Հայաստանն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք»։
Նա հայտնեց, որ անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին․«Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Աա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա, այս փոփոխության բերումով, մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»։
Հիշեցնենք, որ կառավարությունը վստահեցրել է, որ Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ աշխատանք է տարվում, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։
