Արթուր Սաքունց. ԵԽԽՎ զեկույցի առաջարկությունները բախտորոշ չեն, բայց դրանց իրագործումը պետության շահերից է բխում | Region

Արթուր Սաքունց. ԵԽԽՎ զեկույցի առաջարկությունները բախտորոշ չեն, բայց դրանց իրագործումը պետության շահերից է բխում

Հոկտեմբեր 02,2026 10:11

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցը՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ, լիովին օբյեկտիվ է, քանի որ դրանում արձանագրվել են ինչպես օրենսդրական, այնպես էլ պրակտիկ մակարդակում առկա բոլոր դրական և բացասական ասպեկտները։ Չափազանց կարևոր է, որ զեկույցում արձանագրված արդյունքներն ու դիտարկումները հաշվի են առնվել պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), կառավարության և парлаմենտի, ինչպես նաև, բնականաբար, ընտրություններին մասնակցած և մասնակցելիք քաղաքական կառույցների ու կուսակցությունների կողմից։ REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին։

Նրա խոսքով՝  զեկույցում արձանագրված են ընդդիմության կողմից աննախադեպ արտաքին ճնշումներն ու ենթադրյալ ընտրակաշառքները, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը և ԿԸՀ որոշմամբ ընդդիմությանը զանգվածաբար ընտրական իրավունքից զրկելը․«Ամենակարևորն այն է, որ ԵԽԽՎ-ն համարում է, որ ընտրություններն անցակցվել են ավելի ազատ։ Խախտումները կամ ազատ ու արդար ընտրությունների սկզբունքներից շեղումները չեն ազդել ընդհանուր պատկերի վրա, այսինքն՝ Վեհաժողովը ընտրությունների արդյունքները համարում է լեգիտիմ»։

Միևնույն ժամանակ, Սաքունցն ընդգծեց, որ չնայած ԵԽԽՎ զեկույցում նշված բոլոր հանգամանքներին, դրանք չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների և խորհրդարանում տեղերի կուսակցական բաշխման վրա։ Նրա կարծիքով՝ միանշանակ է, որ հասարակությունն ու պետությունը դիմակայունություն դրսևորեցին արտաքին մարտահրավերների նկատմամբ, կարողացան կանխել արտաքին այն գործոնները, որոնք կարող էին խաթարել ժողովրդավարական գործընթացը․«Ուստի, թվարկելով խախտումները, պետք է նաև նշենք, որ դրանք կարող էին կանխվել, որովհետև եթե ընտրակաշառքը, իսկ այն իրոք տարածված էր, ազդեցություն ունենար, պատկերն այլ կլիներ, քանի որ ակնհայտ է, որ ընտրողներին կաշառել են հենց ռուսամետ ուժերը»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց հրապարակեց իր զեկույցը։ Չնայած վերհանված խախտումներին՝ Վեհաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հունիսի 7-ին կայացած ընտրությունները։ Դիտորդները արձանագրել են, որ քվեարկության օրն անցել է կազմակերպված և հանգիստ, իսկ ընտրատեղամասերի մեծ մասում, որտեղ իրականացվել է դիտորդություն, գործընթացը գնահատվել է դրական։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ վկայում են հայ հասարակության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության և դրա դիմակայունության մասին։

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն մատնանշել է մի շարք լուրջ խնդիրներ։ Եվրոպացի դիտորդների կարծիքով՝ եթե երկու ընտրատեղամասերի արդյունքները հաշվի առնվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիովին կարող էր հաղթահարել կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը և տեղեր ստանալ խորհրդարանում։ Եվրոպացիների մոտ հատուկ անհանգստություն է առաջացրել նախընտրական շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշման մասշտաբը, որը որակվել է որպես «աննախադեպ Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար»։ Բացի այդ, նշվել են ընդդիմության նկատմամբ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը, տեղեկատվական միջավայրի բևեռացվածությունը, ինչպես նաև արդյունքների արդյունավետ բողոքարկման ապահովման բացթողումները։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ տեղական դիտորդական առաքելությունները, մասնավորապես «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները, նույնպես հարցեր են բարձրացրել թիվ 35/65 և թիվ 10/51 ընտրատեղամասերի վերաբերյալ, որտեղ քվեարկության արդյունքները չեղարկվել էին, և պետք է նշանակվեին վերաքվեարկություններ․« Այդ տեղամասերում ընտրողները փաստացի զրկվել էին իրենց ընտրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Ուստի, հաշվի առնելով այն ձայները, որոնք կարող էր ստանալ «Բարգավաճ Հայաստանը», ավելի ճիշտ կլիներ այդ տեղամասերում քաղաքացիներին թույլ տալ վերաքվեարկել, որպեսզի արդյունքներով հնարավոր լիներ օբյեկտիվորեն արձանագրել՝ անցե՞լ է այդ կուսակցությունը խորհրդարան,  թե՞ ոչ»։

Սաքունցի կարծիքով՝ աննախադեպ ծավալների են հասել ապատեղեկատվական արշավները, որոնք արձանագրվել են «Անկախ դիտորդի» կողմից։ «Մեր կազմակերպությունը նույնիսկ ենթարկվել է կիբեռհարձակումների. պաշտոնական էլեկտրոնային փոստի և հեռախոսային հաղորդագրությունների միջոցով սպառնալիքներ էին ստացվում այն կապակցությամբ, թե ինչպես ենք քվեարկում՝ կողմ, թե դեմ որևէ կուսակցության։ Մենք սպասում ենք այս փաստերով քննության արդյունքներին, քանի որ չափազանց կարևոր է, որ որևէ մեկի մոտ ընտրակաշառքի համար անպաժելիության զգացում չմնա»,-ընդգծեց նա։

Նա համակարծիք է՝  տեղի է ունեցել ՌԴ-ի կողմից միջամտության և ճնշման փորձ, ինչը նույնպես նշված էր ԵԽԽՎ զեկույցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի ձևափոխման ներկայիս գործնական փուլում գործոնները՝ դիվերսիֆիկացման օգտին կատարված ընտրությունը, Եվրոպական միության հետ մերձեցումն ու հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այդ գործընթացների հարակից դրական ու բացասական դրսևորումները իրենց արտացոլումն են գտել ընտրությունների ընթացքում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց, որ նախընտրական շրջանում իշխանությունը մի շարք դեպքերում դիմել է վարչական ռեսուրսի կիրառմանը։ Ցավոք, նման գործոնները խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանգեցրել են ընտրական նորմերի խախտումների, թեև դրանց ծավալը համատարած չի եղել։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա այստեղ ևս, բնականաբար, տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, և համապատասխան հաղորդումների հիման վրա հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր։

Արթուր Սաքունցը նկատեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրություններում ընտրակաշառքը կապված է ընդդիմադիր կուսակցության հետ․ «Նախկինում որևէ ընտրական գործընթացում ընդդիմությունը չի ունեցել ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ հակվածություն՝ օգտագործելու ընտրակաշառքի նման կեղտոտ մեխանիզմ։ Կարծում եմ՝ սա բացատրվում է նրանով, որ գործընթացին մասնակցում էր ռուսաստանաբնակ հայ օլիգարխը, ու անմիջականորեն իր կողմից ստեղված կուսակցությունը տնօրինում էր իսկապես հսկայական ֆինանսական միջոցների։ Այս առումով չափազանց կարևոր է կատարելագործել օրենսդրությունը, որպեսզի քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը ոչ միայն կանխվի և բացահայտվի, այլև դառնա առավելագույնս թափանցիկ, հատկապես նախընտրական շրջանում»։

Սաքունցը նաև նշեց, որ Սահմանադրական դատարան բողոքներ են ներկայացվել, և դատարանը որոշում է կայացրել երկու ընտրատեղամասերի վերաբերյալ, ըստ որի օրենքում չկա դրույթ, որ ԿԸՀ-ն կարող է նշանակել վերաքվեարկություն․« Հարցն օրենսդրության մեջ փոփոխություն կատարելն է, ըստ որի՝ առանձին տեղամասերում քվեարկության արդյունքները ԿԸՀ-ի կողմից չեղարկվելու դեպքում հանձնաժողովը պարտավոր լինի նշանակել նոր ընտրություններ։ Գործող օրենքում այս մասով հստակություն չկա։ Հենց դրան էլ մատնանշվում է ԵԽԽՎ զեկույցում․ որպեսզի քաղաքացիների ընտրական իրավունքներն իրացվեն ամբողջ ծավալով»։

Իրավապաշտպանը պարզաբանեց, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից Առաջին լրացուցիչ արձանագրությունն ամրագրում է թեկնածուի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը, սակայն ընտրողների տեսանկյունից ընտրական իրավունքները բուն Կոնվենցիայի շրջանակներում չեն դիտարկվում։ Հնարավոր է, որ այս ասպեկտը իրոք պետք է հաշվի առնվեր, բայց բոլոր դեպքերում բացակայում են ընտրությունների արդյունքները միջազգային ատյաններում բողոքարկելու որևէ իրավական հիմքեր։ Դե, իհարկե, նրանք կարող են իրենց թույլ տալ նման քաղաքական հայտարարություններ, բայց դա արդեն բոլորովին այլ հարց է»։

Հարցին, թե որքանով են ԵԽԽՎ եզրակացությունները պարտադիր հայաստանյան իշխանությունների համար, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ ԵԽԽՎ-ն չի գործում պարտադրանքի սկզբունքով։ Ավելին, Եվրոպայի խորհրդի կառույցները չունեն պարտադրանքի մեխանիզմներ. նույնիսկ Եվրոպական դատարանը, որն արձանագրում է պետության կողմից կոնկրետ մարդու իրավունքների խախտումը, ճնշման լծակներ չունի։ «Ամեն ինչ կախված է հենց պետությունից, նրա քաղաքական հանձնառություններից, քաղաքական կամքից և սեփական քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամությունից։ Այսօր Եվրոպայի խորհրդում կան պետություններ, որոնք անտեսում են ցանկացած հանձնարարական, և ժամանակի ընթացքում դրանք կարող են հեռացվել կազմակերպությունից, ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հետ, որին հեռացրին Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Ռուսաստանն այն երկրներից է, որոնք համակարգված կերպով չէին կատարում Եվրոպական դատարանի որոշումները։ Նույնը կարելի է ասել, օրինակ, Ադրբեջանի կամ նույնիսկ Թուրքիայի մասին, որոնք նույնպես արհամարհում են նման որոշումները։ Այստեղ որևէ պարտադրողական մեխանիզմ գոյություն չունի», -ասաց նա։

Սաքունցի խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցում նշված հանձնարարականները բախտորոշ նշանակություն չունեն Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար, բայց դրանք չափազանց կարևոր են դիտողություններն ու առաջարկություններն իրականացնելու համար, և դրանում առաջին հերթին պետք է շահագրգռված լինի հենց պետական իշխանությունը․«Կարծում եմ, որ պետության ժողովրդավարական դիմակայունությունը, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ընդունակությունը ամրապնդելու, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և հզորացնելու համար պետք է ներգրավված լինի նաև քաղաքացիական հասարակությունը, ուստի ես փոքր-ինչ անգամ չեմ կասկածում, որ այս զեկույցը կհայտնվի այն քաղաքական կուսակցությունների սեղանին, որոնք ունեն և՛ ձգտում, և՛ շահագրգռվածություն, և՛ հստակ նպատակներ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունն ավելի ամրանա, կայանա և զարգանա ավելի դինամիկ»,-նշեց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կիսում է ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները։ Նա հավաստիացրեց, որ իշխանությունները մանրամասնորեն կդիտարկեն զեկույցում ներկայացված հանձնարարականները․«Այս պահին մենք վերլուծում ենք հանձնարարականները։ ԵԽԽՎ-ն այն կառույցներից է, որի հանձնարարականների իրականացումը, իմ կարծիքով, երբեք վնաս չի բերի։ Բայց այս հարցը փորձագիտական մակարդակով դիտարկելու համար թույլ տվեք մեզ այն քննարկել փորձագիտական մակարդակում»։

Փաշինյանը նշել է, որ ընտրություններից անմիջապես հետո իրենք արձանագրել են ընտրական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի ի հայտ եկած նմանատիպ իրավիճակները կա՛մ բացառվեն իսպառ, կա՛մ դրանց ազդեցությունը հասցվի զրոյի։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ