«Ենթադրում եմ, որ ադրբեջանցի զինվորը փախել, մտել է Շաքի 3-րդ երկիր տեղափոխվելու համար, բայց Բաքուն ասում է՝ այդ զինվորն ինձ պետք չէ»․ Հովհաննիսյան
«Այդպես պատահում է սահմանակից երկրների դեպքում, երբ զինծառայողները, բանակի ներկայացուցիչները, բնակիչներն այսպես անցումներ են կատարում։ Եթե մենք մեր տարածաշրջանը դիտարկենք, ապա, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունից լինում են անցումներ, նաև նախկինում եղել են Նախիջևանի կողմից, որ անցել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Եղել են դեպքեր, երբ որ հենց Թուրքիայի տարածքից են Հայաստանի տարածք անցում կատարել։ Բայց այս դեպքը չպետք է պրոյեկտենք մնացած դեպքերի վրա, որովհետև իրականում այստեղ մենք ունենք անվտանգային խնդիր»,-այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի աղմկահարույց դեպքին։
Ռազմական փորձագետի խոսքով՝ այն հատվածը, որտեղով անցում է կատարել ադրբեջանցի զինծառայողը, շփման գիծ է համարվում, և մարտական հերթապահություն են իրականացնում․«Եթե իմ նշած մյուս հատվածներում՝ Թուրքիայի և Իրանի հատվածներում, սահմանապահ զորքերն են ուղեկալներով իրականացնում սահմանի պահպանությունը, ապա այս դեպքում մենք իրականացնում ենք դիրքային պաշտպանություն, ունենք մի քանի պաշտպանական գծեր։ Եվ իսկապես, այստեղ խնդիր է՝ ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվեց թե՛ մեր կողմից անտեսանելի, թե՛ Ադրբեջանի կողմից անտեսանելի ճանապարհներով Հայաստանի Հանրապետության այդ տարածքում»։
Արդյոք այս դեպքը վկայում է այն մասին, որ ՀՀ տարածքում, սահմանամերձ հատվածներում պետությունը թերացել է, չի կարողանում անվտանգությունն ապահովել։ Այս հարցին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց՝ դա, իհարկե, խնդիր է, որը պետք է լուծում ստանա, սակայն պնդել, որ խնդիրը բարձիթողի վիճակում է, դա այդքան էլ այդպես չէ․«Եթե հաշվի առնենք բարդ ռելիեֆային պայմանները, հատկապես Սյունիքի մարզում, հաշվի առնենք նոր իրողություններով պայմանավորված սահմանային այդ հատվածները, որոնք դեռևս կազմավորման մեջ են, կահավորման ընթացքում են, ինչ-որ առումով հասկանալի է, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ դեպքերի»։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ միևնույն ժամանակ նաև պետք է Հայաստանի իշխանությունը, համապատասխան մարմինները պետք է կարողանան հապճեպ այս հարցի լուծումը տալ, տվյալ դեպքում, կոնկրետ հենց հայ-ադրբեջանական այդ դիրքային հատվածը պետք է հապշտապ կահավորել, որովհետև եթե այս դեպքում անցել է զինծառայող՝ ելնելով միջանձնային հարաբերություններից, ապա կարող է վաղը, մյուս օրը կարող են անցում կատարեն, ինչու ոչ, ծայրահեղականները, ովքեր կարող է և չեն ենթարկվում Ադրբեջանի կենտրոնական իշխանությանը․«Ասենք նրանք ներթափանցեն Արցախի օկուպացված տարածք, այնուհետև այնտեղից էլ կարողանան ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք և դիվերսիոն գործողություններ իրականացնեն։ Սա պարզապես ազդակ է, որպեսզի մենք կարողանանք ևս մեկ անգամ կամ էլ, այսպես ասած, հավուր պատշաճի ուշադրություն դարձնենք այդ հանգամանքի վրա և կահավորենք առաջնագիծը»։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էր ծառայել ու այնտեղից է «անհետացել»։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին է պարզվել, որ զինծառայողը բացակայում է ծառայության վայրից, ու մեկնարկել են որոնողական աշխատանքները։
Ըստ նույն աղբյուրի՝ «․․․հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել Նասիմի Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ թողնելու վերաբերյալ»։
Իսկ ահա ՀՀ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ընդ որում, նշել, որ «սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը»։
Ինչո՞ւ ԱԱԾ-ն կամ այլ համապատասխան մարմինները ուժեղացված հսկողութուն չեն իրականացրել համապատասխան բնակավայերում, որպեսզի կանխեին ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ բնակիչներին վնաս հասցնելը՝ եթե միջադեպից առաջ տեղեկացված են եղել ու ենթադրվում էր վտանգը։ Այս հարցին ի պատասխան ռազմական փորձագետն ասաց․«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ նախապես մեր համապատասխան գերատեսչությունը՝ ԱԱԾ-ն, տեղեկացված է եղել Ադրբեջանի կողմից, ենթադրում եմ նաև՝ նրանք տեղեկացրել են, թե ինչու է անհետացել կամ ինչու է փախել այդ զինծառայողը։ Նաև ենթադրում եմ, որ նրանք, այսպես ասած, գնահատել են կարողությունները՝ հնարավոր կարողությունները վնաս տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և այլն։ Ես կարծում եմ, և ենթադրում եմ, որ հնարավոր է հենց տվյալ ադրբեջանցին ունեցել է նկատառում, որ ամեն գնով հայտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում և հենց Հայաստանի տարածքի միջոցով էլ հետագայում ինքը տեղափոխվի երրորդ երկիր։ Ես կարծում եմ, որ նմանատիպ ինֆորմացիաների են նաև տիրապետել գերատեսչությունները, փոխանակվել են միմյանց հետ, և այնքանով, որքանով որ իրենք տեղեկացրել են, բնականաբար, տեղեկացրել են նաև, իմ կարծիքով, գյուղի, համայնքների ղեկավարներին, և այսպես, տեղական մակարդակով ինֆորմացված են եղել։ Բայց լայնամասշտաբ իրազեկում չեն կատարել։ Իմ կարծիքով, իմ գնահատմամբ՝ պարզապես կարողություններն են գնահատել տվյալ զինծառայողի, նարատիվներն են գնահատել, և ադրբեջանական կողմը, կարծես թե, հնարավոր է հայտնել է, որ ահա այս նարատիվներով հնարավոր է հայտնված լինի ձեր տարածքում»։
Այսինքն շատ մեծ վտանգ չեն՞ ակնկալել, մեր ճշտող հարցին Հովհաննսյանը դրական պատասխան տվեց, հավելելով․«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը, հավանաբար, հայտնել է, որ ինքը վտանգ չի ներկայացնում, պարզապես ինքը ցանկանում է հայտնվել Հայաստանի տարածքում երրորդ երկիր փոխադրվելու համար»։
Փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական կողմը ՀՀ-ին տեղյակ է պահել փախուստի մասին, որպեսզի, այսպես ասած՝ իրեն ապահովագրի, որպեսզի հետագայում չքննարկենք գերիների հետ փոխանակումը․«Կոպիտ ասած՝ իրենք հրաժարվել են իրենց զինվորից։ Կարծես ասի՝ այդ զինծառայողը ինձ հարկավոր չէ, ինչ ուզում ես դու արա»։
Հովհաննիսյանը նշեց, որ եթե մեր իրավապահները պարզեն, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածք է հայտնվել ադրբեջանական բռնաճնշումներից փախնելու համար կամ բանակում տիրող իրավիճակից ելնելով, ապա նա, ըստ միջազգային մարդասիրական նորմերի իրավունք ունի ցանկություն հայտնելու իրեն երրորդ երկիր հանձնելու․«Եթե այդ վարկածը հաստատվի, այսինքն, որ իմ նշած պատճառով է անցել մեր տարածք, ու եթե հայտնի, որ երրորդ երկիր է ուզում տեղափոխվել, արդեն Հայաստանի Հանրապետությունը կարող է դիտարկի այդ տարբերակը։ Բայց իհարկե, նա այստեղ կդատապարտվի, ու իր պատիժը կրելուց հետո գուցե իմ ասած տարբերկով իր ճակատագիրը դասավորվի»։
Շաքիի դեպքը, ինչպես ասաց ռազմական փորձագետը, ևս մեկ ազդակ է, որ մենք պետք է զգոն լինենք, որքան էլ խաղաղության երկխոսություն է, իսկ զգոն լինելը չի նշանակում, որ միայն պետք է զինված ուժերը դրանով զբաղվեն․«Նաև պետք է այլ գերատեսչությունները դրանով զբաղվեն։ Ես նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ սահմանամերձ բնակավայրերում պետք է լուծվի տեսանկարահանող սարքեր տեղադրելու հարցը, և պետք է ինչպես առաջնագծում, այնպես էլ սահմանամերձ գյուղերում մշտադիտարկումներ կատարել, որովհետև չի բացառվում, ու մի օր տարածաշրջանում այնպիսի մի ռազմական իրավիճակ ստեղծվի, որ մենք ստիպված լինենք այդ կադրերը կամ, չգիտեմ, սահմանամերձ գյուղերը, պաշտպանությունը իրականացնել, ինչու չէ, նաև տեսանկարահանող սարքերով։ Ասածս այն է, որ մենք պետք է անընդհատ պատրաստ լինենք»։
Հիշեցնենք, որ իրավապահները հայտնել են, որ «Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով»։ Այսօր ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։
նաև հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքիի տներից մեկը, առաջինը նրան նկատել են ընտանիքի դպրոցական երեխաները։ Ըստ «Ազատության», երբ նրանք հեռախոսով խոսում էին ծնողների հետ, կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվորին, գոռգոռացել են ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:
Մայրը արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:
Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից վիրավոր կինը դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Այդ ընթացքում արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում ստացած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
Նելլի Բաբայան
