Սարգիս Հայոցյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատման մասին | Region

Սարգիս Հայոցյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատման մասին

Հոկտեմբեր 01,2026 15:26

Սարգիս Հայոցյանը անդրադարձել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատմանը։ Նա սոցիալական ցանցում գրել է․

«Ինչպես գիտեք իմ դիմումի համաձայն ազատվել եմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: Ինձ համար սա ամենևին հեշտ որոշում չեր, քանի որ ես հավատում եմ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումներին:

Ես համոզված եմ, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը ու ոլորտների կոնսոլիդցիան կարևորագույն ծրագրերից է, որի իրականացումը կանխորոշելու ու երաշխավորելու է Հայաստանի Հանրապետության կիրթ ու առաջադեմ ապագան, ու նպաստելու է որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ներգրավվել դրանում ու դառնալ իր լավագույն հնարավոր ես-ը, ինչպես նաև մեր պետությունը դիրքավորելու է ակադեմիական և տեխնոլոգիական գլոբալ քարտեզի վրա, որպես իր ասելիքն ունեցող երկրի»: Նա նշել է, որ իր այդ պաշտոնում աշխատելու տարիներին մասնակցել և դերակատարում է ունեցել բարեփոխման քաղաքականությունների մշակմանը և բարեփոխման խիստ հավակնոտ օրակարգի իրականացմանը, ինչի համար շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Աշխատանքում իմ փորձով ես համոզվել եմ, որ նման մասշտաբի բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։ Դրանք պահանջում են հետևողականություն բոլոր մակարդակներում, ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակ բաշխում, արդյունավետ, արագ և ճկուն համակարգում, մտքի և ջանքերի կենտրոնացում և երկարաժամկետ շարունակականություն։

Այսօր իմ մասնագիտական գնահատականն այն է, որ իրականացման համար առկա միջավայրում և իմ պաշտոնում ինձ հասանելի գործիքներով այլևս չեմ կարող ապահովել այն տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը, որոնք, իմ համոզմամբ, անհրաժեշտ են այս ծրագրերի պատշաճ իրականացման համար և հետևաբար ինձ համար ճիշտ չէր լինի շարունակել զբաղվել այսպիսի խոշոր և ռազմավարական նշանակության ծրագրերով այն պայմաններում, երբ այլևս վստահ չեմ, որ կարող եմ ապահովել դրանց իրականացումն այն մակարդակով, որը մասնագիտական առումով ընդունելի եմ համարում»,-գրել է Հայոցյանը։ Նա նշել է, որ իր հրաժարականը չպետք է ընկալվի որպես բարեփոխումների մերժում․«Ընդհակառակը՝ ես շարունակում եմ խորապես հավատալ և նվիրված լինել դրանց նպատակներին և կարևորությանը: Ես շարունակում եմ համոզված մնալ, որ Կառավարության 2026-2031 ծրագրով ոլորտների համար նախանշված թիրախների իրականացումը կարևոր է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման համար: Ակադեմիական քաղաք ծրագիրն անհրաժեշտ է որպես պետության թռիչքային զարգացումն ապահովող պլատֆորմ, գիտության ոլորտի ռազմավարական ծրագիրը` որպես այս ամեն ինչի բովանդակությունն ապահոող գործիքակազմ, իսկ բուհական ոլորտի ռեֆորմը, որպես հանրային վերափոխման առաջնահերթ կարևորության միջոց:

Այս որոշումն արտացոլում է բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ իմ մասնագիտական գնահատականը, ինչպես նաև՝ ներկա պայմաններում դրանց իրականացման պատասխանատվություն ստանձնելու համար իմ սեփական հնարավորությունների գնահատումը։ Պաշտոնից հեռանում եմ մեծ հարգանքով և երախտագիտությամբ այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ աշխատել եմ, և անկեղծ հույսով, որ մեր սկսած բարեփոխումները կշարունակվեն և կհաջողեն։ Իմ հնարավորությունների սահմաններում հետագայում ևս պատրաստ եմ իմ գիտելիքով և փորձով աջակցել դրանց իրականացմանը»։

Նորություններ