«Թրամփը չի հասնի իր վերջնական նպատակին». Արմեն Վարդանյանը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին
«Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացի առաջխաղացումը շատ մեծ դժվարությամբ է ընթանում: Սա ծայրաստիճան բարդ գործընթաց է, որի շրջանակում մի շարք հարցերի շուրջ կողմերը կարող էին համաձայնության գալ: Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ մասնակիցները ձգձգում են բանակցությունները: Ըստ ամենայնի, Իրանը սպասողական դիրք է ընդունել՝ հետևելով ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին: Միայն դրանից հետո Թեհրանը կկարողանա որոշել հետագա քայլերի ուղղությունը: Իր հերթին, Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ Թրամփի վարչակազմը, ձգտում են սեփական ընտրազանգվածին հաջողություն ցույց տալ՝ ապացուցելով, որ իրենց հաջողվել է առաջընթաց գրանցել առնվազն հարցերից մեկում»,-այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը:
Բանակցություններ սկսելու համար Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային: Նա ընդգծել է, որ Թեհրանը հստակ հասկացրել է. իր իսկ ստեղծած բարդ իրավիճակից դուրս գալու համար Վաշինգտոնը ստիպված կլինի ընդունել իր պայմանները: Այս պահանջների մանրամասները Ռեզային չի բացահայտել:
Թեև ամբողջական ցուցակը հրապարակված չէ, ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի այն ժամանակվա քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլքադրը հնչեցրել էր վեց պահանջ: Դրանց թվում են՝ Իրանի հասցեին սպառնալիքներից հրաժարումը, Թեհրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցումը Լիբանանում, Պաղեստինում, Եմենում ու Իրաքում, ծովային շրջափակման վերացումը և հարակից շրջաններից ուժերի դուրսբերումը: Բացի այդ, Թեհրանը պնդում է պատերազմով պատճառված վնասի լիարժեք փոխհատուցումը, պատժամիջոցների չեղարկումն ու իրանական ակտիվների ապասառեցումը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանն ու Օմանն ավարտել են տեխնիկական բանակցությունները Հորմուզի նեղուցով նավագնացության նոր կարգի շուրջ: Նոր սխեմայի համաձայն՝ Պարսից ծոց մտնող նավերն ամբողջությամբ անցնելու են Իրանի տարածքային ջրերով: Դուրս եկող նավերի երթուղու մի մասը նույնպես հայտնվելու է իրանական ջրերում, երթևեկությունը կարգավորվելու է Թեհրանի կանոններով: ԱՄՆ-ի առաջարկած հարավային երթուղին՝ Օմանի ջրերով, ըստ ամենայնի, փակ կլինի:
Այնուամենայնիվ, իրանական կողմն ընդգծում է, որ պայմանավորվածությունը չի նշանակում նեղուցի անհապաղ բացում, այլ միայն սահմանում է նավերի շարժի կարգը՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանի քաղաքական պայմանները կատարելու դեպքում: Reuters գործակալության գնահատմամբ՝ Իրանն այս մոդելը դիտարկում է որպես նեղուցում նավագնացության նկատմամբ իր ինքնիշխանությունն ամրապնդելու միջոց:
Այնուամենայնիվ, բաց է մնում հարցը՝ արդյոք Վաշինգտոնը կհամաձայնի Թեհրանի յոթ պայմաններին, թե՞ իրավիճակը կհանգեցնի ռազմական ուժի կիրառման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում իր աջակիցների առջև, հայտարարել է Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշման մասին: Նա նախազգուշացրել է Թեհրանին՝ նշելով, որ ամերիկյան պայմաններից հրաժարվելը կհանգեցնի նրա «ոչնչացմանը», և ընդգծել է, որ իրանական կողմը չունի այլ ընտրություն, քան համաձայնել ԱՄՆ պահանջներին, հակառակ դեպքում նրան սպառնում է «լիակատար անհետացում»: Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ իրանական հարցը կլուծվի մոտ ապագայում:
Վարդանյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի հարցը, որը բոլորովին վերջերս դարձավ քննարկման առարկա, նախկինում չէր բարձրացվում, իսկ հիմա վերածվել է քննարկման առիթի և սեփական խաղի․«Այսպիսով, Իրանը փորձում է ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա և հասնել այլ արդյունքների: Սակայն ամերիկացիներն էլ պնդում են Հորմուզի նեղուցի բացումը ցանկացած գնով՝ Իրանից պահանջելով դադարեցնել այն որպես ճնշման գործիք կիրառելը»:
Արմեն Վարդանյանը կարծում է, որ չնայած ահռելի ջանքերին՝ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ստիպել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից: «Հիմա ամերիկացիները հակված են խաղաղ բանակցությունների, քանի որ նախորդ ռազմական արշավներում սպառել են սպառազինության և ռազմամթերքի զգալի քանակություն: Միլիարդավոր դոլարների հասնող հսկայական ֆինանսական ծախսերը նույնպես թուլացրել են նոր հակամարտությունների պատրաստակամությունը: Այս պատճառներով ԱՄՆ-ն պատերազմի չի պատրաստվում, այլ գտնվում է սպասողական վիճակում»,-ասում է իրանագետը:
Այնուամենայնիվ, միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն պնդում է Իրանի դեմ Իսրայելի միակողմանի հարվածի, այլ ոչ թե համատեղ գործողության տարբերակը, ինչպիսին իրականացվել էր փետրվարին: Այս մարտավարությունը ձեռնտու է Թրամփին, քանի որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայի ռիսկերը փոխանցում է Իսրայելին: Ամերիկյան կողմը կարծում է, որ նման հարվածը քաղաքական առումով կարող է վնասել Թրամփին, բայց միևնույն ժամանակ ձեռնտու լինել Նեթանյահուին՝ Իսրայելի ընտրություններից առաջ: Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետը ամերիկացի պաշտոնյաներին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ստիպել Իսրայելին հետաձգել ընտրությունները:
Արմեն Վարդանյանը նշեց, որ դժվար է կանխատեսել՝ արդյոք Իսրայելը հարված կհասցնի անմիջապես ԱՄՆ ընտրություններից առաջ: «Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Նեթանյահուն տարբեր միջոցների է դիմում սեփական ներքաղաքական խնդիրները լուծելու համար, մասնավորապես՝ հաճախ պատերազմներ է նախաձեռնում: Ամեն անգամ, երբ Նեթանյահուի դեմ քրեական գործ էր հարուցվում, նա պատերազմ էր սկսում, որպեսզի իր վրայից հանի ճնշումը և շեղի հասարակության ուշադրությունը: Դա տեղի է ունեցել բազմիցս՝ պատերազմներ Իրանի, ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» դեմ և այլն: Ուստի չի կարելի բացառել, որ ներքաղաքական խնդիրները լուծելու համար Նեթանյահուն նորից կարող է գնալ պատերազմի»,- կարծում է քաղաքագետը:
Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Նեթանյահուի և Թրամփի միջև կարող էին բանակցություններ ընթանալ Իրանին հարվածելու շուրջ, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ: «Ես նույնպես չեմ կարող պնդել, որ Իսրայելի ընտրություններից առաջ հնարավոր է նոր էսկալացիա: Հաշվի առնելով ուղեկցող ռիսկերը՝ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի համար իրավիճակը հարթ չի դասավորվում, նման քայլերը միշտ կապված են լուրջ վտանգների հետ: Ռազմական էսկալացիան հավանական է, բայց դա ցանկացած դեպքում խնդրահարույց է: Նրանք պետք է ծանրութեթև անեն բոլոր «կողմ» և «դեմ» արգումենտները՝ նախքան նման քայլի դիմելը»,- նշում է իրանագետը:
Վարդանյանն ընդգծում է՝ ոչ մի վերլուծաբան, քաղաքագետ կամ փորձագետ չի կարող վստահությամբ կանխատեսել իրադարձությունների զարգացումը Մերձավոր Արևելքում, քանի որ Մերձավոր Արևելքը ծայրահաստիճան անհամասեռ և անկանխատեսելի տարածաշրջան է, որտեղ իրադարձությունները հաճախ զարգանում են այնպես, որ նույնիսկ փորձառու քաղաքագետներն ու վերլուծաբանները ունակ չեն դրանք ճշգրիտ կանխատեսել: «Ուստի ես չեմ կարող վստահաբար պնդել պատերազմի հնարավորության մասին: Իմ կարծիքով՝ հիմա նման քայլ չի լինի, քանի որ առջևում ԱՄՆ-ի և Իսրայելի ընտրություններն են, իսկ դրանցից առաջ էսկալացիան ռիսկեր է պարունակում: Ամենայն հավանականությամբ, նոր ռազմական առճակատումը կհանգեցնի երկու կողմերի ընտրական աջակցության նվազեցմանը. նրանք ռիսկի են դիմում կորցնել ձայներ»,- հայտարարում է Արմեն Վարդանյանը:
Նա հիշեցնում է՝ Իրանի դեմ պատերազմի հենց սկզբից Թրամփը պնդում էր Թեհրանի անվերապահ կապիտուլյացիան, իր ելույթներում ԱՄՆ նախագահն անդադար կրկնում էր այդ բառը, սակայն նույնիսկ ներքին ապակայունացումը չհանգեցրեց ցանկալի արդյունքին․«Իրանը չի պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկվել, ինչը վկայում է ամերիկյան ռազմավարության ձախողման մասին: Չնայած տարբեր փուլերում փողոցային բողոքի ցույցեր հրահրելու փորձերին՝ այդ բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Այո՛, եղան զոհեր, առաջացան տնտեսական դժվարություններ, Իրանը բախվեց լուրջ խնդիրների, բայց հիմնական նպատակը չիրագործվեց: Իրանի հոգևոր-քաղաքական իշխանությանը հաջողվեց հաղթահարել մարտահրավերները, և իշխանափոխություն տեղի չունեցավ: Իմ կարծիքով՝ Թրամփը չի հասնի իր վերջնական նպատակին»:
Զաբելա Ավագյան
