Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայ մարմնամարզիկները ֆանտաստիկ արդյունքներ են գրանցել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակին: 19-ամյա Համլետ Մանուկյանը հանդես է եկել անթերի կատարումով՝ վաստակելով 15.300 միավոր և նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա մեր առաջին ոսկե մեդալն է այս մարզագործիքի վրա:
Նույն վարժությունում փայլուն ելույթ է ունեցել նաև 19-ամյա Մամիկոն Խաչատրյանը։ Հայ մարմնամարզիկը դատավորներից ստացել է 15.000 միավոր գնահատականը և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ոսկե մեդալ չէր նվաճել 2022 թվականից ի վեր, երբ հենացատկի վարժությունում լավագույնն էր ճանաչվել Արթուր Դավթյանը։ Ռոտերդամում ընթացող ստուգատեսի եզրափակիչներում մեդալների համար պայքարելու են նաև Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Արթուր Դավթյանը (հենացատկ):
