«Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի և այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»․ Պապոյան | Region

«Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի և այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»․ Պապոյան

Հոկտեմբեր 19,2026 12:35

«Պատասխանատու եւ շրջակա միջավայրի վրա մինիմալ բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերությունը չի կարող վնասել: Ինչու եմ ասում մինիմալ, որովհետեւ աշխարհում չկա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում, դա սուտ է: Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում աշխարհի ամենահզոր 2 տնտեսություններում՝ Չինաստանում ու ԱՄՆ-ում  հանքարդյունաբերությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,-այս մասին այսօր ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանն ու բնապահապանների, քաղհասարակության դժգոհություններին։

Նրա խոսքով․ «Խնդիրը հետեւյալն է՝ արդյոք մենք այնպես ենք անում, որ այդ հանքարդյունաբերության հետեւանքով մի կողմից ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների հարկային եկամուտներ են գոյանում, Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն տարեցտարի աճում է, եւ սրան զուգահեռ եթե կարողանում ենք այնպես անել, որ շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը լինի մինիմալ, ապա այդպիսի հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանին, եւ մենք այդ ճանապարհով ենք գնացել»։

Նախարարի ներկայացմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ հանքի շահագործմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է․«Ընդ որում, այն բացասական պատմությունները, որ ներկայացնում էին, հետազոտություններով չեն հաստատվել։ Այսօր էլ հանքը շահագործվում է, թողարկում ունի, արտահանում կա, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա՝ 1600մ մարդ է աշխատում, անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել հանքի գործունեության արդյունքում։ Եթե ոսկին չթանկանա, հանքը մինչև 130 մլն դոլար հարկ է վճարելու եկող տարի, եթե թանկանա, ավելի շատ հարկ կվճարի։ ՀՆԱ-ի վրա 1-2,5% ազդեցություն է ունենալու։ Մեր արտահանումն էականորեն մեծացնելու է, մեր տնետսությունն ուժեղացնելու էՍտացված գումարներով էլ կարողանալու ենք ավելի արդյունավետորեն իրականացնել շրջակա միջավայրի պաշտպանություն»։

Ըստ Պապոյանի՝ եթե ուզում ենք անտառ տնկենք, անտառ պահպանենք, մեր ջրային միջավայրը պահպանենք, արդյունավետ ջրօգտագործում իրականացնենք, դրա համար մեծ փող է պետք։

Դիտարկմանը, որ մասնագետներն ահազանգում են  հանքի շահագործման հնարավոր հետևանքների մասին՝ թթվային դրենաժի, ցիանիդի օգտագործման, Ջերմուկի հանքային ջրերի, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև Սևանի ավազանի ու կենսաբազմազանության վրա հնարավոր բացասական ազդեցություններ և այլ խնդիրներ, նախարարն այսպես պատասպանեց․«Հայաստանի կենսաբազմազանության եւ ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ դրա համար շատ փող է պետք: Երբ այդ շատ փողը վերցնենք ու դնենք սերունդների կրթության, առողջության, անտառների տնկման, ջրամբարների կառուցման վրա, Սեւանից քիչ ջուր բացթողելու վրա, հանրային առողջության պահպանման վրա, այդ ժամանակ մեր և՛ երկրի, և՛ կենսաբազմազանության, և՛ սերունդների համար լավ կլինի»:

Պապոյանը հայտարարել է՝ Ամուլսարի հանքը գործում է, գործելու է, և կգործի այնպես, ինչպես գործում է ԶՊՄԿ-ն․«Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, առանց ԶՊՄԿ-ի, եւ անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների, սա պետք է ընդունել: Եվ այո, մենք երկարաժամկետ զարգացման պլաններ ունենք: Մեր երկրի զարգացման պլանները եւ պետության հարատեւությունը այդպիսի հանգամանքներից են բաղկացած, եւ մենք չենք պատրաստվում լինել տնտեսապես թույլ երկիր: Մենք պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այս տարի 10000 դոլարը կանցնի, բայց առաջիկայում պետք է «15-20 հազար դոլարն անցնի»։

Պապոյանը նշել է՝ այն, ինչ այսօր կարող ենք տեսնել Ամուլսարի հանքի շահագործման մեջ, նույնը կարող ենք տեսնել ԱՄՆ Մոնտանա նահանգի հանքարդյունաբերությունում, Կանադայի հանքերում․«Լիդիանը ամենաժամանակակից, ամենավերջին տեխնոլոգիաներով հանքարդյունաբերական մեթոդներով է իրականացնում»։

Արդյոք երաշխավորում եք, որ Ջերմուկին կամ Սևանին բնապահպանական որևէ աղետ չի սպառնում, այս հարցին ի պատասխան ասել է․«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետները դա հետազոտությամբ են երաշխավորել»։

Նորություններ