Լատվիայի սահմանային հսկողության ժամանակ հայտնաբերված վտանգավոր կանաչ թեյը հայկական չէ, գերատեսչությունը սխալմունք է թույլ տվել․ CivilNet | Region

Լատվիայի սահմանային հսկողության ժամանակ հայտնաբերված վտանգավոր կանաչ թեյը հայկական չէ, գերատեսչությունը սխալմունք է թույլ տվել․ CivilNet

Հոկտեմբեր 19,2026 16:48

 

Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը պարզաբանել է, որ իրենց տարածած հաղորդագրությունում կանաչ թեյը, որը ներկայացվել որպես հայկական ծագման, սխալմունք է։ Թեյը ծագումով Չինաստանից է և ներմուծվել է Ուզբեկստանից։

Ավելի վաղ Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ սահմանային հսկողության ընթացքում Լատվիայի սննդի եւ անասնաբուժական ծառայությունը Հայաստանից ծագող կանաչ թեյում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված թունաքիմիկատների լաբորատոր մնացորդներ, ինչպես նաեւ հայտանաբերվել է այլ թունաքիմիկատների մնացորդների՝ լամբդա-ցիհալոտրին եւ թիամեթոքսամի առավելագույն թույլատրելի մակարդակների գերազանցումներ:

Նշենք նաև, որ CivilNetCheck-ը Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից պարզաբանում է խնդրել, թե ինչու է գերատեսչության հաղորդագրությունում թեյը ներկայացվել որպես հայկական ծագման, մինչդեռ Եվրահանձնաժողովի տվյալներում նշված է Չինաստանը։

Ի պատասխան՝ ծառայության սահմանային վերահսկողության վարչության ավագ փորձագետ Ագիտա Վոլֆան (Agita Volfa) հայտնել է, որ հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։

«Սննդի և անասնաբուժության ծառայությունը ներողություն է խնդրում տվյալ թեյի ծագման երկրի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության անճշտության համար։ Ցանկանում ենք պարզաբանել, որ թեյը ծագումով Չինաստանից է և ներմուծվել է Ուզբեկստանից։ Ցավում ենք, որ հրապարակված տեղեկատվությունը կարող էր թյուրիմացությունների կամ սխալ պատկերացումների պատճառ դառնալ», – հայտնել է Վոլֆան։

Նա հայտնել է, որ գերատեսչությունը կկատարի անհրաժեշտ ուղղումները՝ հրապարակված տեղեկության ճշգրտությունն ապահովելու համար։

 

 

Նորություններ